Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Եվրախորհրդարանն անվանել է «անկուլտուրական ու ստախոս»
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նիստը, որի ժամանակ խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը խստապես քննադատել է Եվրախորհրդարանին ու նրա ղեկավար Մարտին Շուլցին:
Ասադովը Շուլցին մեղադրել է «Ադրբեջանին անարդար քննադատելու» մեջ՝ իր անհամաձայնությունը հայտնելով Շուլցի այն խոսքերի նկատմամբ, որ Ադրբեջանում խախտում են հասարակական ակտիվիստների և մասնավորապես իրավապաշտպան Լեյլա Յունուսի իրավունքները:
Ասադովը Եվրախորհրդարանն անավանել է «անկուլտուրական ու ստախոս»՝ հայտարարելով, որ Եվրախորհրդարանը «ստում» է՝ պնդելով, որ իրենց թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ կալանքի տակ վերցված իրավապաշտպանների հետ տեսակցելու համար.
«Մենք չենք հայտնաբերել Եվրախորհրդարանից ստացված այդպիսի նամակ: Ես այդ մասին գրել եմ Եվրախորհրդարանին ու չեմ ստացել պատասխան: Եվ այդքանից հետո նրանք մե՞զ են սովորեցնում, թե ինչ է կուլտուրան»: Ասադովը եվրոպացիներին հիշեցրել է նրանց թերությունների մասին՝ հակասեմականություն, ռասիզմ, մուսուլմանների ճնշում.
«Եվրոպայում կա մուսուլմանական երկու երկիր, իսկ Եվրախորհրդարանը պահը բաց չի թողնում՝ այդ պետություններին քննադատելու համար: Ինչպես նրանք են վերաբերվում մեզ, այնպես էլ մենք կվերաբերվենք նրանց»: Ասադովն այնքան է նյարդայնացել, որ խոստովանել է, որ մոռացել է քվեարկության դնել օրակարգը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին անվանել էր «քաղաքական ձախողակ»: