Կ. Զատուլին. Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ով ինչպես է իրեն պահում
Այն վճռականությունը, որը ցույց տվեց Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի ընթացքում, Արևմուտքին և հատկապես ԱՄՆ-ին ստիպեց հասկանալ, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել: Ռուսական «День-ТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Նա նաև կարծիք է հայտնել, թե հենց ուկրաինական ճգնաժամից հետո Արևմուտքը փոխեց իր վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը, մասնավորապես, Հայաստանի անդամակցության վերաբերյալ և «հանեց իր առարկությունները»:
«Դուք գիտեք, որ բազմաթիվ անբարենպաստ կանխատեսումներ են եղել Եվրամիության վերաբերյալ` ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ: Այդ ճգնաժամի հետևանքով կտրուկ վատթարացան Ռուսաստանի հարաբերությունները Արևմուտքի, ինչպես նաև հենց Ուկրաինայի հետ: Դա, իհարկե, ազդեց Ռուսաստանի շատ հարևանների վրա, բայց նրանց հետևությունները տարբեր էին: Այն վճռականությունը, որը ցույց տվեց Ռուսաստանը, ԱՊՀ-ում շատերին ստիպեց հասկանալ, որ որքան էլ քմահաճ և հզոր լինի Ամերիկան, Ռուսաստանը շատ մոտ է, և նրա հետ պետք է հաշվի նստել:
Ուստի, ուզում եմ նկատել, որ հենց ուկրաինական ճգնաժամից հետո հանվեցին առարկությունները Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ, հերթի է կանգնած Ղրղզստանը: Ես չեմ կարող ասել, թե այդ երկրները լրջորեն ազդում են Եվրասիական միության ընդհանուր տնտեսական պոտենցիալի վրա, բայց նրանք ցուցադրում են միտումը»,- ասել է նա:
Հարցազրույցի ընթացքում ռուս գործիչն անընդհատ փորձում է համոզել, որ Եվրասիական միությունը, որի «գլխավոր անդամը» Ռուսաստանն է, չի փլուզվի, որովհետև, իր խոսքով, հարևան երկրները օգնության կարիք ունեն, իսկ այս աշխարհում նրանց միայն Ռուսաստանը կարող է օգնել:
«Արևմուտքում բոլորը կանխատեսում էին Եվրասիական միության փլուզումը, բայց այն ընդհակառակը` ընդլայնվում է: Ես կարծում եմ, որ, իհարկե, Եվրասիական միությունն ունի հեռանկար: Դրա համար նա պետք է դիմանա այսօրվա դժվարություններին: Ռուսաստանը, որպես Եվրասիական միության գլխավոր անդամ, պետք է ճկունություն ցուցաբերի իր գործընկերների, առաջին հերթին` Բելառուսի և Ղազախստանի հարցումների նկատմամբ:
Նա ցուցադրում է այդ ճկունությունը, նա չի պարտադրում, ասենք, ճանաչել Ղրիմը կամ հրաժարվել Ուկրաինայի կամ Արևմուտքի հետ հարաբերություններից, բայց նա շատ ուշադիր հետևում է, թե ով ինչպես է իրեն պահում, և, բնականաբար, իր հետևություններն է անում ապագայի համար: Եվրասիական միությունը կդիմանա այսօրվա դժվարություններին և պարտավոր է դա անել, և ինչպես մենք տեսնում ենք, չնայած այդ դժվարություններին, նա զարգանում է: Ինձ թվում է` նա ապագայի հնարավորություններ ունի, որովհետև այս դժվար ժամանակներում երկրները փոխադարձ օգնության կարիքն ունեն, իսկ այս աշխարհում, Ռուսաստանից բացի, նրանց որևէ մեկը չի կարող օգնել »,- հայտարարել է Կ. Զատուլինը: