Բաժիններ՝

Անակնկալ այց. Ի՞նչ է փնտրելու Երվանդ Զախարյանը «Նաիրիտում»

168.am-ի տեղեկություններով` վաղը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան: Հավանաբար, նախարարը շատ ասելիք ունի նաիրիտցիներին, որ անձամբ գնում է գործարան, օրինակ՝ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկությունների փաթեթի մասին, որ ամիսներ շարունակ այդպես էլ չներկայացվեց, աշխատավարձերի պարտքը մարելու մասին, որ «էսօր-էգուց» տարբերակով առավելագույնս հետաձգվում է մինչև աշխատողների հերթական ընդվզումը…

Հավանաբար, նախարարն ուզում է անձամբ իր հոգածությունը հայտնել նաիրիտցիներին՝ վստահեցնելով, որ նրանց խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է: Գուցե նաև դառն իրականության հետ հաշտվող հայացքներ տեսնելով՝ նախարարը փորձի պատճառներ բերել ու խոստացված հերթական 1 ամսվա աշխատավարձի վճարման համար մի քիչ էլ ժամանակ շահել: Չէ՞ որ առջևում դեկտեմբերն է, Նոր տարի, իսկ տոներից առաջ ֆինանսավորման խնդիրը հաստատ նորից կծագի: Հոգ չէ, որ թե´ նախարարն ինքը, թե´ գործարանի ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը խոստացել են մինչև տարեվերջ նաիրիտցիների արդեն 2 տարվա կուտակված ամբողջ պարտքը միանգամից փակել:

«Նաիրիտի» լրատվական ծառայության պետ Անուշ Հարությունյանը 168.am-ին հավաստիացրեց, որ տեղյակ չէ Ե.Զախարյանի սպասվող այցի մասին, իսկ աշխատավարձի վերաբերյալ սպասումները չեն փոխվել՝ «ամենաուշը՝ ուրբաթ, մեկ ամսվա աշխատավարձ ենք ստանալու, իսկ մինչև տարվերջ աշխատավարձի ողջ պարատքը փակելու են միանվագ ձևով»:

Գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանն ավելի տեղեկացված էր, քան Հարությունյանը: Նա գիտեր վաղը սպասվող այցի մասին: Ըստ Թադևոսյանի՝ Զախարյանի այցելության նպատակը գործարանն աշխատացնելու և աշխատավարձի հարցը պետք է լինի. «Ուրիշ ի՞նչ նպատակ պետք է լինի»:

Հ.Թադևոսյանը նաև նշեց, որ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկությունների փաթեթն այդպես էլ չի ներկայացվել և անգամ դրա ուշացման պատճառ չի նշվել: Աշխատավարձի վճարման առումով այս պահի դրությամբ նրա տեղեկությունները նույնն էին՝ մինչև շաբաթվա վերջ մի ամսվա աշխատավարձ պետք է տան, մնացածը՝ ըստ խոստման:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս