Ինչո՞ւ է «Բարև, Երևանը» դեմ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը
Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցություն դեմ է քվեարկել Երևանի քաղաքապետարանի 1782 աշխատակիցների ամսական աշխատավարձը միջինը 15 տոկոսով բարձրացնելու մասին նախագծին, 168.am-ին տեղեկացրեց «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նշենք, որ այս նախագիծը, մեր զրուցակցի խոսքով, այնուամենայնիվ ընդունվել է ավագանու Հանրապետական մեծամասնության կողմից, իսկ դեմ են քվեարկել «Բարև, Երևանը» և «Բարգավաճ Հայաստանը»:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ է «Բարև, Երևանը» դեմ քվեարկել, մեր զրուցակիցն ասաց, որ «Բարև, Երևանը» այսօրվա նիստում հանդես է եկել ելույթով և հայտարարել, որ ընդհանրապես դեմ չէ աշխատավարձերի բարձրացմանը, բայց, այնուամենայնիվ, այստեղ արդարության սկզբունք պետք է գործի:
«Հանրապետականն ասում է, թե սրանով իրենք ուզում են բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը, բայց ունենալով աղքատության և ծայրահեղ աղքատության այսպիսի ցուցանիշ` մենք պետք է լինենք մի քիչ ավելի զուսպ, խոսենք, օրինակ, մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերի և առաջին հերթին մտածենք սոցիալական այն խավերի մասին, որոնք լուրջ խնդիրներ ունեն: Եվ այդ գումարները պետք է ուղղել նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, որպեսզի որոշ չափով կարողանանք օգնել այդ վիճակում գտնվողներերին, այս պարագայում` կարիքավոր երևանցիներին»,- նշեց Դավիթ Սանասարյանը: