Ժիրայր Սէֆիլյան. Մենք էլ Սերժին ենք ասում` մի՛ պատրաստվիր ֆլեշմոբի
Նախախորհրդարան քաղաքական նախաձեռնությունը 2015 թ. ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի օրը, ժողովրդին հրավիրում է փողոց` գործող իշխանության դեմ պայքարելու: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը:
Ըստ նրա` գործող «ռեժիմը» սպիտակ եղեռն է իրականացնում ժողովրդի դեմ, և դա պետք է կանգնեցնել` ապրիլի 24-ը դարձնելով ոչ միայն սգալու և պահանջելու, այլև նոր պետություն կերտելու օր:
Ժիրայր Սէֆիլյանը համոզված է, որ վերջին հարվածները հայկական բանակին նույնպես պատահական չեն, որովհետև բանակը միակ կառույցն է, որը կարող է «ռեժիմի» տրամաբանությունից դուրս գտնվող ուժերի հետ գործակցելով` կացություն փոխել Հայաստանում, այսինքն` կանգնեցնել այն անիվը, որը Հայաստանը տանում է դեպի ինքնիշխանության կորստի անդունդը:
«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ մեր երկրում հնարավոր չէ փոփոխություն` համակարգի տրամաբանության մեջ պայքար մղելով: Դժբախտաբար, հայտնի «ընդդիմադիր» ուժերը այդպես էլ համառորեն չհասկացան, որ անիմաստ գործունեությամբ են զբաղված: Մենք այդ հորդորներն արել ենք, այսօր էլ անում ենք, բայց նաև ժամանակ չենք կորցնում, որովհետև ժամանակ չունենք:
Մենք չունենք ռեսուրսը` սպասելու մինչև 2017-18 թթ., առավել ևս մենք համոզված ենք, որ մեր երկրում արմատական փոփոխություն ընտրությունների միջոցով իրականացնելն անհնար է: Մենք մոտենում ենք մեր կողմից սահմանված վերջնաժամկետին: Դա 2015 թ. ապրիլի 24-ն է: Այո´, մենք այդ օրը մեր ժողովրդին հրավիրում ենք փողոց, այո´, այդ օրը մենք սկսելու ենք գործընթաց, որը պիտի վերջակետ դնի այս օկուպացիոն ռեժիմին: Դա կտևի մեկ թե մի քանի օր, ընթացքը ցույց կտա, սակայն ես համոզված եմ, որ օր-օրի մենք կարողանալու ենք հավաքել մեր ժողովրդի զգալի մասին, դրանք լինեն հայաստանաբնակ, թե սփյուռքահայ, և մեր գործը կատարել: Վերջապես հայերը պիտի իրենց մեջ ուժ գտնեն` ձերբազատվելու այսօրվա օկուպացիոն ռեժիմից»,- հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը:
Նա շեշտեց, որ Նախախորհրդարանը գնալու է ոչ թե ցնցումների ու քաոսի, այլ քաղաքացիական խաղաղ անհնազանդության ճանապարհով, բայց «եթե իշխանությունները համարձակվեն կրկնել Մարտի 1-ը, այդ դեպքում ժողովուրդն իրավունք ունի պաշտպանվելու և այդ ձեռքը բարձրացնողի ձեռքը կոտրելու»:
«Եթե ռեժիմը դիմի բռնի ուժի, պատասխան կստանա բռնի ուժ: Սերժ Սարգսյանը, պալիգոնում կանգնած, Ալիևին ասում էր` «ֆլեշմոբ չի լինելու»: Մենք էլ Սերժին ենք ասում` մի՛ պատրաստվիր ֆլեշմոբի: Մեզ համար խնդիրը լոկ իշխանափոխություն չի. մենք խնդիր ունենք երկրին տեր կանգնելու»,- նշեց նա:
Մի խոսքով, Նախախորհրդարանը, Ժիրայր Սէֆիլյանի ձևակերպմամբ, սկսում է ազգային-ազատագրական պայքար հանուն Հայաստանի անկախության, ինքնիշխանության և նոր Հայաստան կերտելու:
Եթե ինքնիշխանության խնդիր կա, այդ դեպքում ինչո՞ւ Նախախորհրդարանը ազգային-ազատագրական պայքար չի մղում առաջին հերթին Եվրասիական միության Հայաստանի անդամակցման դեմ,- հետաքրքրվեցինք նրանից:
Ի պատասխան` Ժիրայր Սէֆիլյանն ասաց, որ Նախախորհրդարանը հայտարարությամբ հստակեցրել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, բայց, իր կարծիքով, միայն ցույց անելով` խնդիրը չի լուծվի: Նա նաև ակնարկեց, որ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների հետևանքով ԵՏՄ-ն կարող է ընդհանրապես չկայանալ:
«Մենք մեր խոսքն ասել ենք, և կգա պահը, երբ մենք կգործենք: Դրա արդյունքում մենք վերջապես կունենանք մի Հայաստան, որը վերջապես կարողանալու է ձերբազատվել այն ամենից, որ այս տարիների ընթացքում պարտավորեցրել են այս ապիկար իշխանությունները:
Նախ՝ ասեմ, որ որքան էլ այսօր շեշտում են, թե այդ ԵՏՄ հասկացությունը տնտեսական է, մենք համոզված ենք, որ ռուսաստանյան ներկայիս ղեկավարության փորձը Խորհրդային միության մոդեռնիզացված տարբերակի ծնունդն է, որի դեմը պետք է առնվի: Բարեբախտաբար, աշխարհաքաղաքական գործընթացներն այնպես են գնում, որ այս հարցում շատ էներգիա ծախսելու կարիք չունենք, այսինքն` մենք Ռուսաստանին բան սովորեցնելու, պարտադրելու խնդիր չունենք:
Մենք խնդիր ունենք մեր երկրին տեր կանգնելու: Իմ համոզմամբ` այդ միությունը, բարեբախտաբար, չի կայանալու, բայց կարճաժամկետ հատվածում վտանգ գոյություն ունի: Դեկտեմբերի 20-ին մեր ավտոերթը տեղափոխելու ենք Արցախ, և այնտեղ, ինչու չէ, խոսելու ենք նաև այս վտանգի մասին, թե ԵՏՄ մտնելով` ինչպիսի պարադոքսալ վիճակի մեջ է հայտնվում հայությունը, մեր երկիրը, առաջին հերթին` Արցախը»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը: