ՀՀԿ-ական պատգամավոր. Միջազգային հանրության այս արատավոր վերաբերմունքը մի հետևանք է ունենալու՝ այսպիսի ծանր միջադեպերը շարունակական են լինելու

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է՝ այն, ինչ տեղի ունեցավ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի հետ, դա ուղղակի հետևանք էր այն բանի, որ միջազգային հանրությունը բավարար քաղաքական կամք չդրսևորեց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ հայկական կողմը պնդում էր, որ կան 2 քայլեր, որոնց իրականացումը կապահովի շփման գծում կայուն հրադադարի պահպանում, սակայն տևական ժամանակ Ադրբեջանի իշխանությունները տարբեր ձևերով կարողանում են հետ պահել միջազգային հանրությանն այդ 2 կարևորագույն քայլի իրականացումից.

«Բազմաթիվ մակարդակներով այդ հարցը բարձրացվել է՝ և՛ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով, և՛ երկրների նախագահների մակարդակով, և՛ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Դրանք հետևյալն են՝ ցակացած միջադեպ, որը տեղի է ունենում շփման գծում, պետք է անաչառ ձևով հետաքննվի միջազգային փորձագետների կողմից, հասցվի մինչև վերջ, պարզվեն մեղավորները և այդ մեղավորներին պետք է դատապարտել: Դատապարտման տարբեր ձևեր կարող են լինել, բայց, գոնե միջազգային հանրության կողմից այդ միջադեպի հեղինակների հասարակական դատապարտումը, ևս, կարծում եմ՝ չափազանց կարևոր է»:

Գ. Մինասյանի խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքը, որը հայկական կողմն անընդհատ բարձրացրել է այս տարիների ընթացքում, դիպուկահարներին շփման գծից հեռացնելն է. «Տևական ժամանակ ադրբեջանական իշխանությունները տարբեր ձևերով կարողանում են հետ պահել միջազգային հանրությանն այդ 2 կարևորագույն քայլի իրականացումից: Այն, ինչ տեղի ունեցավ այս ուղղաթիռի հետ դա ուղղակի հետևանք էր այն բանի, որ միջազգային հանրությունը բավարար քաղաքական կամք չդրսևորեց»:

ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ միջազգային հանրությունն իր բոլոր հայտարարություններում  խոսքն ուղղում է 2 կողմերին: Նա համոզված է, որ այսպիսի վերաբերմունքը մի հետևանք է ունենալու՝ այսպիսի ծանր միջադեպերը շարունակական են լինելու. «Եթե մենք միշտ ասում էինք, որ միջազգային հանրության այս արատավոր վերաբերմունքը բերելու է նրան, որ կոնֆլիկտ շարունակվելու է, այսօր ես ուզում եմ ասել, որ այս արատավոր հետևանքը բերելու է նրան, որ միջազգային հանրությունն ինքը ևս տուժելու է: Շատ ակնհայտ է, որ եթե մեր սահմանում պատերազմ բռնկվի, ապա որևէ երկիր, այդ թվում նաև այն երկրները, որոնք այսօր զլանում են մեղավորին մեղավոր կոչել, զերծ չեն մնալու այդ պատերազմի հետևանքներից»:

Կարդացեք նաև

Հարցին՝ չե՞ք կարծում, որ առկա է նաև հայակական դիվանագիտության խնդիրը և մեղավորությունը, քանի որ Հայաստանը մեղմ արտաքին քաղաքականություն է վարում, Գ. Մինասյանն այսպես պատասխանեց.

«Կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականությունն ուղղակի համահունչ է այն հնարավորություններին, որոնք մենք ունենք, որովհետև քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է: Ես կարծում եմ, որ այստեղ միջազգային հանրության դերակատարման էական բարձրացում է անհրաժեշտ, որովհետև տարիներ շարունակ չասել՝ ով է ագրեսորը, մեղավորը, դրա արդյունքում ուղղակի մի բան կարող է ձևավորվել՝ անպատժելիության մթնոլորտ»:

 

Տեսանյութեր

Լրահոս