
Չաք Հեյգելն ԱՄՆ-ի համար կարևորել է Ռուսաստանի ու Չինաստանի մերձեցմանը հակազդելը

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը, ով արդեն իսկ հրաժարական է տվել, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զեկուցել է, որ երկարաժամկետ հեռանկարում միջազգային անվտանգության համար սպառնալիքն ավելի շատ բխում է Ռուսաստանից, քան՝ Մերձավոր Արևելքից:
Այս մասին թերթին հայտնել է Պենտագոնում նրա բարձրաստիճան աղբյուրը: Հեյգելի խոսքերով՝ Վաշինգտոնին անհրաժեշտ է գտնել Մոսկվայի հետ լարված հարաբերությունների ապաէսկալացման եղանակ և հակազդել Ռուսաստանի ու Չինաստանի միջև ենթադրյալ կամ իրական մերձեցմանը:
Պենտագոնի ղեկավարն իր սեպտեմբերյան նամակում պնդել է Ռուսաստանին զսպելու ստեղծագործ նոր տարբերակների մշակման անհրաժեշտությունը: Ներկայումս Հեյգելը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կմնա այնքան, քանի դեռ չի նշանակվել իրեն փոխարինող: