Բաժիններ՝

Բժշկական ապօրինի գործողությունների պատճառով տուժած Հ. Կաթրջյանը չի կարողանում վերականգնել իր իրավունքները

2014 թ. իր իրավունքների պաշտպանության խնդրով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Հովհաննես Կաթրջյանը: Վերջինս արդեն մի քանի տարի պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման և կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հ. Կաթրջյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, նա 1985 թ. սկսած ապրում է սրտի խթանիչ սարքով: 2004 թ. և 2008 թ. Հ. Կաթրջյանը վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնում, որի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանն առաջին անգամ տեղադրել է մեկ անգամ օգտագործված, այսինքն՝ ԱՄՆ-ում մահացած անձի սրտի սարք, իսկ երկրորդ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ վճարվել էր 10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետով սարքի դիմաց, սակայն տեղադրվել է 6 տարի գործողության ժամկետով սարք:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ այնուհետև, հարուցված քրեական գործը հանձնվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի վարչություն: Մինչ օրս, սակայն, Ս. Ջամալյանը գտնվում է հետախուզման մեջ, որի պատճառով նրան մեղադրանք չի առաջադրվել: Այժմ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար նշանակված է լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը դեռևս չի ավարտվել:

Չնայած այն հանգամանքին, որ Հ. Կաթրջյանը քրեական գործով ճանաչվել է տուժող, սակայն նրան փորձաքննություն նշանակելու մասին որոշումը չեն ծանոթացրել՝ զրկվելով իր հարցերն առաջադրելու և փորձաքննությանը մասնակցելու իրավունքից: Հ. Կաթրջյանն իր իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքացիական հայց է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է հայցը և վճռել «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնից հօգուտ Հ. Կաթրջյանի բռնագանձել 6.370.000 ՀՀ դրամ գումար: Կատարողական գործողությունների արդյունքում, սակայն, դատական ակտը մնացել է չկատարված, քանի որ պարզվել է, որ կենտրոնը չունի սեփականության իրավունքով գրանցված գույք և դրամական միջոցներ: Այդպիսով, կատարողական վարույթն ավարտվել է այն դեպքում, երբ կենտրոնը շարունակում է գործունեություն ծավալել տարբեր բժշկական կենտրոնների տարածքում: Այժմ Հ. Կաթրջյանը պայքարում է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը վերացնելու ուղղությամբ:

Արձանագրում ենք, որ Հ. Կաթրջյանի գործն այն օրինակներից է, երբ անձն, օգտվելով օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր իրավական մեխանիզմներից, փորձում է պայքարել իր խախտված իրավունքների վերականգնման համար, սակայն նույնիսկ արդարադատությունն է անզոր դառնում ուժի ու հանցավորության դեմ պայքարում, և դատարանի որոշումը շարունակում է կրել «պարտադիր լինելու» ձևական պիտակը միայն թղթի վրա:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս