Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Շվեդիա: Ստոկհոլմում բացվեց Հայաստանի դեսպանությունը

Նոյեմբերի 24-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա։

Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի և Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի բանակցությունները:

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին
հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։ Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։

Անդրադառնալով հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ, ինչի համար լուրջ նախադրյալներ կան: Նախարարները համակարծիք էին, որ դեսպանությունների բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ փոխգործակցության խորացմանը։

Շվեդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընգծեց.

«Այս պահին կարևոր է հաղթահարել այն խիստ բացասական իրավիճակը, որը ստեղծվել է Փարիզի գագաթաժողովից անմիջապես հետո Բաքվի կողմից իրականացված սադրիչ գործողությունների՝ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման և անձնակազմի անդամների զոհվելու հետևանքով»:

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին հրավիրեց այցելել Հայաստան։

Նույն օրը տեղի Ստոկհոլմի պատմական Ազնվականության պալատում՝ Ռիդդարհյուսեթում, տեղի ունեցավ Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շվեդիայի կառավարության և արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ռիկսդագի անդամներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիսությանը ելույթներով հանդես եկան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի ռազմավարական զարգացման նախարար Քրիստինա Պերսոնը։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը, անդրադառնալով հայ-շվեդական հարաբերությունների անցյալին և ներկային, ասաց.

«Բարձրացնելով Հայաստանի դրոշը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաքում` նշանավորելու հայկական դեսպանության պաշտոնական բացումը, մենք արտահայտում ենք մեր ձգտումը` նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Չնայած այն հանգամանքին, որ հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 22 տարի առաջ, կան բազմաթիվ վկայություններ, որ մեր ժողովուրդները առնչվել են դեռ վաղ միջնադարից: 16-17 դարերում Արևելքը Շվեդիային կապող առևտրական ճանապարհը հայ վաճառականների ակտիվության շնորհիվ հաճախ կոչվել է «Հայկական ճանապարհ»: Շվեդիայի պատմության ընթացքում հայտնի են հայ ծագումով դիվանագետներ, գիտնականներ»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. «Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ալմա Յոհանսոնի և շվեդ այլ միսիոներների, որոնք օգնության ձեռք են մեկնել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերապրածներին։ Այս համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ մեր շնորհակալությունը հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Ռիկսդագին, 2010թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»։

Նախարար Նալբանդյանը կարևորեց նաև շվեդահայ համայնքի դերակատարությունը՝ որպես Հայաստանը և Շվեդիան կապող օղակ։

Դեսպանության բացման առիթով Ազնվականների միության արխիվից հանդիսությունների սրահում ցուցադրման էր ներկայացված ծագումով հայ շվեդ դիվանագետ Իգնատիուս Մուրադջանյանին 1780թ. ազնվականի տիտղոս շնորհելու Շվեդիայի արքայական հրովարտակը, ինչպես նաև այլ պատմական փաստաթղթեր։

Միջոցառմանը հայ և շվեդ հեղինակների կատարումներով հանդես եկավ հայ երաժիտների լարային քառյակը։

Բացի քաղաքական օրակարգից նախարար Նալբանդյանի այցը Շվեդիա ներառում էր նաև տնտեսական բաղադրիչ։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ բանկային, էներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, կապի, առողջապահական, պարենի ոլորտները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց պատմեց Հայաստանում ներդրումային հնարավորությունները, կառավարության կողմից իրականացվող տնտեսական զարգացման ծրագրերը: Շվեդական գործարար շրջանակների ներկայացուցիչները պատմեցին Հայաստանում իրենց ընկերությունների կողմից իրականացվող գործունության և համագործակցության հեռանկարային ծրագրերի մասին։ Քննարկվեցին նաև հայ-շվեդական գործարար համաժողովների, ինչպես նաև` տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունները:

Նոյեմբերի 24-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպեց շվեդահայ համայնքի ներկայացուցիչներին: Ջերմ և անմիջական մթնոլորտում կայացած հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական միություն – Հայաստան համագործակցությունը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս