Ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվում գիշերօթիկ հաստատության տնօրենին. Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի գործը դատարանում է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցածի մասին հաղորդում ներկայացրած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը: Փաստաբանը դատարանում վիճարկում է գործով քննչական մարմնի և վերահսկողություն իրականացնող դատախազի անգործությունը:

Նշենք, որ դեռևս ապրիլ ամսին լրատվամիջոցներում բաց նամակ հրապարակվեց, որտեղ գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ներկայացրել էին հաստատությունում երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների և անօրինությունների մասին: Հրապարակված նամակում հաստատության աշխատակիցները խոսել էին այն մասին, որ վերջին երեք տարիների ընթացքում հաստատությունում գրանցվել են 30 գոյություն չունեցող աշխատակիցներ:

Նամակում նշվել էր նաև, որ հաստատության արդեն նախկին տնօրենի դեմ բողոք-նամակներն ուղակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն «նախարարության աշխատակիցները նամակի հետքերով գալիս են հաստատություն և աչք փակելով իրականության վրա` հեռանում են»:

Դատարանում դատախազական վերահսկողություն իրականացնող դատախազն ասաց, որ ներկայումս քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության քննիչի կողմից, իսկ բողոքը ներկայացնելու պահին նախաքննությունն այլ քննիչի կողմից է կատարվել, այլ դատախազ է իրականացրել վերահսկողությունը:

Կարդացեք նաև

Գործով քննիչը դատարան ներկայացրեց հարցաքննված որոշ անձանց ցուցմունքների առաջին էջերի պատճենները՝ հայտնելով, որ դրանց բովանդակությունը նախաքննական գաղտնիք է համարում:

«Սրանք հարցաքննված որոշ անձանց ցուցմունքներն են, ոչ բոլորինն իհարկե, ուղղակի ժամանակագրական առումով դրված են, որպեսզի դատարանն էլ հավաստիացնի, որ գործողություններ կատարվել են, այնպես չէ, որ բողոքում նշված հանգամանքները բոլորը համապատասխանում են իրականությանը»,- ասաց քննիչը:

Դատարանում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդեց նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել քրեական գործի նյութերը:

«Որպեսզի դատարանը կարողանա քննության առնել, թե դատախազի և վարույթ իրականացնող մարմնի կողմից ինչպիսի անգործություն է դրսևորվել, առնվազն պետք է լինի քրեական գործի նյութերի ցանկը»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում իրենք չեն կարող արդյունավետ իրավական միջոցներ ունենալ՝ բողոքը դատարանում քննելու համար: «Կստացվի, որ չնայած օրենքը, Սահմանադրությունը մեզ իրավունք վերապահում են դատարանում վիճարկելու քննիչի, դատախազի անգործությունը, բայց մենք փաստացի զրկված ենք այդ իրավունքից, որովհետև մենք չգիտենք, թե ինչ գործողություններ է իրականացրել վարույթն իրականացնող մարմինը և դատախազը, որպեսզի կարողանանք դատարանում ներկայացնել հիմնավոր փաստարկներ»,- ասաց փաստաբանը:

Նա ասաց, որ 7 ամիս առաջ հանցագործության մասին հաղորդում էր ներկայցվել մի շարք անձնանց, այդ թվում հասարակական կազմակերպությունների կողմից. «Անցել է 7 ամիս և որևիցե պատասխան չի ստացվել հանցագործության մասին նշված հաղորդման մեջ ընդգծված հանգամանքների շուրջ»:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իրենց բողոքում հիմնականում 3 հարց են բարձրացրել՝ թե ինչու մեղադրանք չի առաջադրվում գիշերօթիկ հաստատության տնօրենին: Երկրորդ հանգամանքն, ըստ փաստաբանի այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խսիտ նկատողություն էր հայտարարել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին՝ գիշերօթիկ հաստատությունում պատշաճ վերահսկողություն չիրականացնելու համար: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի մակարդակով հաստատված է այն հանգամանքը, որ փոխնախարարը, մեղմ ասած թերացել է իր պարտականությունների կատարման մեջ.

«Մեր կարծիքով՝ 7 ամսվա ընթացքում վարույթն իրականցնող մարմինը պարտավոր էր պարզել, թե այդ թերացումները, որ չեն կատարվել փոխնախարար Բերիկյանի կողմից, արդյոք սեփական շահադիտական նկատառումներով են թույլ տրվել, թե անձնքական կամ այլ խմբային շահերից ելնելով է եղել, թե այլ նկատառումներից»:

Նա նշեց նաև, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելիս նաև դատախզին մջնորդել էին քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն. «Եթե իրականում պետական պաշտոնյան թերացել է կամ ինչ-որ ձևով խառնված է այս գործին, ապա սոցորական ոստիկանության քննիչը չի կարող այդ գործի նախաքննությունն իրականացնել»:

Հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կազմակերպություններից «Թրանսփերեսի ինթերնեշնլի» ներչկայացուցիչն էլ ասաց, որ հանցագործության մասին հաղորդմանը կցված են եղել փաստաբանի կողմից հարցման ենթարկված հաստատության 3 աշխատակցի բացատրությունները, սակայն իրենց տեղեկություներով՝ այդ երեք աշխատակիցները չեն հարցաքննվել նախաքննական մարմնի կողմից:

Նա նշեց նաև, որ հաղորդման մեջ ներկայացվել են հանցագործության մի քանի դրվագներ՝ բռնություն երեխաների նկատմամբ, ֆինանսական չարաշահումներ, յուրացում.

«Մեր ունեցած տեղեկություններով՝ նախաքննությունն իրականանում է միայն յուրացումների կամ ֆինանսական չարաշահումների փաստերով: Ի՞նչ ծավալով՝ տեղյակ չենք: Նաև կասկած կա, որ ամբողջ ծավալով չէ, որովհետև եթե այս պահին տնօրենին առաջադրված մեղադրանք չկա, գուցե ամբողջ ծավալով հաղորդումը չի ուսումնասիրվում, իսկ ծեծի և երեխաների նկատմամբ բռնության մասով ընդհանրապես որևէ անձինք չեն հարցաքննվել և նախաքննություն չի իրականացվում»:

Դատախազն ասաց, որ այս քրեական գործի նախաքննությունը հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում գործի նախաքննությունը շարունակվում է ընդամենը 17 օր, նա ասաց, որ ինքը ժամկետների հետ բողոքաբերների մտահոգությունը կիսում է, սակայն չի կարող ասել, թե որտեղից են նրանք որոշակի տվյալների տիրապետում, երբ նշում են՝ իրենց տեղեկություններով:

Նա հավաստիացրեց, թե քրեական գործով ինտենսիվ քննություն է իրականցվում, ձեռնարկվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, քրեակյան գործի բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովվելու է:

Դատարանը մերժեց Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը: Տ. Հայրապետյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, իրենց տրամադրել այսօր դատարան ներկայացված հարցաքննությունների արձանագրությունների առաջին էջերի պատճենները:

Դատական նիստի ավարտից հետո «Թրանսփերեսի ինթերնեշնլի» ներկայացուցիչն ասաց, որ քննության ընթացքում ակնհայտ էր նախաքննության մարմնի դանդակոտությունը: Մեր հարցին՝ ինչով է դա պայմանավորում, պատասխանեց. «Գուցե չկողմնորոշվածությամբ, գուցե պաշտոնատար անձերի՝ գործի մեջ առկայութամբ, գուցե այլ հանգամանքերով: Ինչն էլ հիմա ասեմ, պիտի ասեն, որ դրանք ենթադրություններ են, բայց ողջամիտ են այդ կասկածները, որովհետև դա ուղղակի քրեական գործ չէ երկու ֆիզիկական անձի միջև, այլ այստեղ կա որոշակի հովանավորչության խնդիր»

Տեսանյութեր

Լրահոս