Թորոս Ռոսլինի դրվագներով «Հայաստանի գանձերը» հավաքածուն հիացրել է նորաձևության վարպետներին
Նորաձևության մայրաքաղաք Միլանի կենտրոնում` SocietՈ Italia ցուցասրահում, օրերս ռուսական նորաձևությանը նվիրված փառատոն է կազմակերպվել, որի նպատակն է` զարգացնել Իտալիայի, Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների միջև կապերը: ՌԴ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից մասնակից դիզայներները ներկայացրել են իրենց հավաքածուները: Մասնակից դիզայներների շարքում եղել են և սկսնակներ, ովքեր առաջին անգամ էին միջազգային մակարդակով ցուցադրվում, և նորաձևության շուկայում արդեն ճանաչում ունեցող վարպետներ: Հայաստանից մասնակցում էր դիզայներ Վահան Խաչատրյանը («Vahan Khachatryan» բրենդով)` ներկայացնելով 2015-16 թթ. աշուն-ձմեռ հավաքածուն:
Նրա` «Հայաստանի գանձերը» (Treasures of Armenia) հավաքածուն հիացրել է նորաձևության ոլորտի հեղինակավոր սրահների ներկայացուցիչներին, փառատոնի այցելուներին: Գույներով հարուստ հավաքածուն դիզայները ստեղծել է` XIII դարի 2-րդ կեսի հայ կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ, «Զարդանկարի վիրտուոզ» Թորոս Ռոսլինի մանրանկարչական աշխատանքների, հայկական եկեղեցական, քրիստոնեական խորհրդանիշերի մոտիվներով պատկերազարդ կտորներով (բուրդ, մետաքս, շիֆոն), ինչպես նաև տարբեր բնական և կիսաթանկարժեք քարերի համադրությամբ:
Թորոս Ռոսլինի զարդապատկերային հրաշալի դրվագները ներդաշնակվել են մետաքսով և շիֆոնով ստեղծված կանացի հագուստի նրբաճաշակ նմուշների հետ` յուրահատուկ արվեստային շղարշ պարգևելով նորաձևությանը: Վ. Խաչատրյանը «Հայաստանի գանձերը» հավաքածուի միջոցով նաև փորձել է կրկին անգամ հիշեցնել հայկական մետաքսագործության հնագույն ավանդույթները և «Մետաքսե Ճանապարհը» (Silk Road):
Դիզայներ Վահան Խաչատրյանին և «Vahan Khachatryan» բրենդը ներկայացնող ստեղծագործական խմբին հաջողվեց Միլանում ներկայացնել «Հայաստանի գանձերը» և բարձր գնահատականի արժանանալ: Փառատոնի կազմակերպիչների կողմից հայ դիզայները մեծ գնահատանքի է արժանացել և որպես մրցանակ` մեկ ամիս հավաքածուն ներկայացվելու է N՛30 MILANO և Via Della Spiga 30 ցուցահանդեսային սրահներում: