Հասան Ռոուհանին «միջուկային» բանակցությունների անարդյունավետության համար մեղադրել է Արևմուտքին

Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Արևմուտքի երկրներին մեղադրել է երկրի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների անարդյունավետության մեջ: Ռոուհանին հնարավոր է համարել բանակցությունների արդյունքներով բազմակողմ համաձայնագրին հասնելը.

«Սակայն բանակցությունների մյուս կողմը («Վեցյակ») հավանաբար ի վիճակի չէ որոշումներ ընդունելու: Նրանք պետք է իմանան, որ եթե ձեռք բերվի համաձայնագիրը, ապա դա օգտակար կլինի ոչ միայն ժողովրդին, տարածաշրջանին, այլև՝ ընդհանրապես աշխարհին: Իրանն ի վիճակի է որոշում ընդունել, ստանձնել պատասխանատվություն ու անհրաժեշտ բոլոր միջոցներով հասնել դրված նպատակներին:

Իրանի ժողովուրդն ու գերագույն առաջնորդն աջակցում են բանակցություններին մասնակցող երկրի պաշտոնատար անձանց: Իրանը մտադիր է բանակցությունների միջոցով հասնել համաձայնագրի, որը կերաշխավորեր ժողովրդի իրավունքի պաշտպանությունն ու կապահովի երկրի անկախությունը»:

Վիեննայում արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների եզրափակիչ փուլը: Կողմերը պլանավորել են համապարփակ համաձայնագրի հասնել մինչև նոյեմբերի 24-ը:

Տեսանյութեր

Լրահոս