
Սիրիական ազատ բանակի 14.000 մարտիկ լքել է Հալեպը, իսկ նրանց առաջնորդը փախել է Թուրքիա. Radikal

Թուրքական Radikal թերթի սյունակագիր Մուրաթ Եթքինը Սիրիայի զարգացումների վերաբերյալ իր հոդվածում գրել է, որ Հալեպ քաղաքից հեռացել է Սիրիական ազատ բանակի 14.000 մարտիկ, իսկ նրանց առաջնորդ Ջեմալ Մարուֆն ընդհանրապես փախել է Թուրքիա: Թուրքիա են փախել նաև Սիրիական ազատ աբանակի այլ առաջնորդներ:
Հոդվածագիրն այս հարցում վկայակոչում է Անկարայում անվտանգության բարձրաստիճան իր աղբյուրը: Այժմ չի բացառվում, որ «Իսլամական պետություն» խմբավորումն իր հարվածի ուղղությունը Քոբանիից կփոխի դեպի Հալեպ և այդ հարցում պայմանավորվածության գալ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման հետ:
Եթե իրադարձությունները զարգանան այդպիսի սցենարով, ապա մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում կհայտնվի 1.5 միլիոն սիրիացի փախստական, որոնք այժմ բնակվում են Հալեպում ու նրա շրջակայքում: Այժմ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հալեպին կարող են տիրել ինչպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը, այնպես էլ «Իսլամական պետությունը»: