Բագրատյանը ԱԺ էր եկել հատուկ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծի համար
«Գործատուի գործը չի, որ վճարի մայրության նպաստ: Մասնավորը չի հասկանում, թե ինչո՞ւ համար պետք է վճարի հղիության նպաստ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ հատուկ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծի համար է եկել խորհրդարան:
Ըստ Բագրատյանի՝ սոցիալիզմի ժամանակ տարբերություն չկա` գործարանի՞ց, թե՞ բյուջեից է վճարվում, իսկ այսօր պարզ չէ, թե որ աղբյուրից պետք է գործատուն տա: Նա նշեց, որ ՀՀ-ում կանանց գործազրկությունն ավելի բարձր չի, քան տղամարդկանցը, և ինչքան էլ ասում են՝ տղամարդը ընտանիքի գլուխն է, բայց այսօրվա պայմաններում կինը չի զիջում:
«Միայն կաշառակերությունն է տղամարդկանց մեջ ավելի բարձր: Հա, հա, այդպես է, բազմաթիվ հետազոտություններ կան,- ասաց Հ.Բագրատյանը՝ խորհուրդ տալով Մաքքենզի կարդալ,- Լուծումը պարզ է՝ եթե տալիս ենք այս նպաստը, պետք է տանք բոլորին, բայց պետք է տանք ֆիքսված չափով, որպեսզի գործատուն հանգիստ բարձրացնի կին աշխատողի աշխատավարձը»:
Հ.Բագրատյանը նշեց, որ Հայաստանում արհմիություն չկա, արհմիությունները Արևմուտքում էլ են մահանում:
Դիմելով իշխող կուսակցության պատգամավորներին՝ Հ.Բագրատյանը խորհուրդ տվեց կուտակայինը չհիշեցնել. «Դուք Ձեր իրավացիությունը կարող եք ապացուցել 45 տարի հետո: Ես իմ իրավացիությունը ապացուցում եմ 1 տարի հետո, որ ասում եմ՝ տեսա՞ք ինչ եղավ: Մի՛ խոսեք էդ կուտակայինից, արդեն կարճ միացում է տալիս»:
Հ.Բագրատյանը փաստեց, որ եկամտային հարկի հետ կապված խնդիրներ կան, որ 24.4%-ից գոնե 8%-ը պետք է կենսաթոշակային ֆոնդինը լիներ: «Ինչպե՞ս կարելի էր կեսնաթոշակային ֆոնդը վերացնել»,- դժգոհեց նա: