ԱԺ բուֆետում հիգիենայի տարրական կանոնները չեն պահպանվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժողովրդական հայտնի խոսք կա՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը: Ազգային ժողովի բուֆետում, թվում էր, ամեն ինչ կարգավորվել է՝ ճաշացանկ, գներ, սպասարկում, նույնիսկ ծաղիկներ են ավելացել սեղաններին: Բայց արի ու տես, որ դա միայն արտաքուստ է: Նախկին սպասարկող ընկերության ղեկավարը՝ Սարգիս Նավասարդյանը, հրաժարվեց բուֆետն սպասարկելուց, և նրա տեղը եկավ Էդիկ Գրիգորյանն իր «Ազգային սնունդ» ՍՊԸ-ով:
Նրանից, սակայն, աշխատողները գոհ չեն, ասում են՝ լավ չի վճարում, հիգիենիկ անհրաժեշտ պայմանները չի ապահովում, իրենց չի գրանցում և այլն: Օրերս խոհարարներից մեկն է ազատվել աշխատանքից՝ 13 տարվա աշխատանքային փորձ ունեցող տիկին Անահիտը, ով մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց: Նա աշխատել է Սարգիսի ժամանակ, ով իրենից գոհ է եղել, աշխատել է նաև ԱԳՆ-ի ճաշարանում, որը ևս սպասարկվել է Գրիգորյանի ՍՊԸ-ի կողմից:
«Այստեղ որ անցա աշխատանքի, սկզբից ինձ վճարեց օրական 2 հազար դրամ, հետո իմացա, որ մյուս խոհարարին նիստերի օրերին վճարում էր 10 հազար: Ես բողոքեցի, ու նա ինձ հետո վճարեց 3 հազար, վերջին օրերին էլ՝ 4 հազար դրամ»: Բայց խնդիրը միայն վարձատրությունը չէ, այլև սանիտարահիգիենիկ պայմանները: Խոհարարը նշեց, որ Խորհրդային Միության տարիներին հիվանդանոցներում օգտագործվող գիշերանոթների մեջ, որոնք նախատեսված էին հիվանդների համար, իրենք աղցաններ են պատրաստում»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։