Ֆիզկուտուրայի դասաժամին մահացած ուսանողի ծնողները որևէ մեկին չեն մեղադրում իրենց որդու մահվան մեջ. քրեական գործ չի հարուցվել

Ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող Լևոն Հայրապետյանի մահվան դեպքով քննչական կոմիտեի քննիչը որոշում է կայացրել քրեական գործ չհարուցել:

Ի պատասխան 168.am-ի հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Լևոն Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր:

«Պարզվել է, որ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող Լ. Հայրապետյանն ունեցել է բնածին սրտի արատ: Վերջինիս ծնողները բացատրություն են տվել, որ ավելի քան 10 տարի է, ինչ նա հաշվառված է եղել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող սրտաբանական հիվանդանոցում:

Լ. Հայրապետյանի ծնողները նշել են, որ որևէ մեկի դեմ բողոք, պահանջ չունեն և որևէ մեկին չեն մեղադրում իրենց որդու մահվան մեջ: Համաձայն Լ. Հայրապետյանի մահվան վկայականի՝ մահվան անմիջական պատճառ է հանդիսացել հանկարծակի սրտային մահը, որն արտահայտվել է աերտալ փականի ռեմատիկ նեղացմամբ»,- ի պատասխան մեր հարցման՝ հայտնել են Քննչական կոմիտեից:

Կարդացեք նաև

Ըստ քննչական կոմիտեի՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով Լ. Հայրապետյանի մահվան մեջ բացակայում է որևէ մեկի մեղավորությունը և հանցագործության դեպքը՝քննիչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Որոշման օրինակն ու նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին ՝ մերժման օրինականությունն ստուգելու համար:

Տեսանյութեր

Լրահոս