Բաժիններ՝

«Ես Աստվածավախ մարդ եմ». Ծովինար Մարտիրոսյան

Qahana.am-ը զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ

– Շատերի կարծիքով՝ արվեստը չի ճանաչում կրոն ու ազգ: Որպես դերասանուհի, ձեզ համար արվեստն ու կրոնը որքանո՞վ են համատեղելի:

– Իմ կարծիքով՝ հավատացյալ մարդն իրենից հենց արվեստ է ներկայացնում, քանի որ այդ մարդը միշտ ձգտում է կատարելության հասնել: Բոլորս էլ գիտենք, որ կատարյալը միայն Աստված է: Արվեստը ստեղծված է մաքրագործելու, սրբագործելու համար: Եվ արվեստը, և կրոնը գրեթե նույն բանն են քարոզում: Առաջինը բեմում ցույց է տալիս այն, ինչ կատարվում է մեր առօրյայում: Սխալ ու ճիշտ ապրելակերպը, որպեսզի մարդիկ օրինակ վերցնեն: Թատրոնն առաջնահերթ դրա համար է ստեղծված, սակայն հիմա մի քիչ փոխվել են մոտեցումները: Շատերը մտածում են գումար աշխատելու, շահի մասին: Բայց դա սխալ է: Բայց իրական արվեստի առաքելությունը մարդուն մաքրագործելն է:

– Դերասանների աշխարհը զգացմունքային է, այնտեղ սիրուց բացի կա նաև նախանձ, չարություն… Արդյո՞ք հեշտ է այնտեղ ներելը:

– Ես բոլորին եմ ներում: Եթե Աստված է ներում, ես ո՞վ եմ, որ չներեմ: Ինքս Աստվածավախ մարդ եմ և պարտադիր ներողամիտ եմ գտնվում: Դա Աստծո պատվիրանն է: Չէ՞ որ Աստված նաև ասում է՝ պետք է սիրես թշնամիներիդ: Ես թշնամիներ չունեմ, բայց չկամեցողներ կան, որոնց նույնիսկ ճանաչում եմ: Բայց ես անխտիր բոլորին եմ ներում: Գուցե վերաբերմունքս փոխվի, հարաբերությունները սառեն, բայց իմ մեջ չարություն չեմ պահում, ներում եմ: Բայց մոտ չեմ թողնում ինձ ու իմ ընտանիքին: Չեմ սիրում, երբ ինձ վիրավորում են, շատ զգացմունքային եմ: Սրտիս ամեն ինչ շատ մոտ եմ ընդունում: Նրանք ինձ համար բացասական էներգիայի աղբյուր են, իսկ ես իմ էությամբ դրական աուրայով մարդ եմ:

– Հավատո՞ւմ եք հրաշքներին: Ձեր կյանքում եղե՞լ են:

– Իհարկե, եղել են… Ինձ համար ամեն օրն է հրաշք: Ես չգիտեմ, մեն հիմա ուր ենք հասել, այս ի՞նչ դար է, ի՞նչ արագություն: Քրիստոնեայի համար շատ դաժան, դժվար ժամանակաշրջան է: Հրաշքներն ամեն օր են լինում, բայց մարդիկ այնքան հօգսաշաատ են, որ չեն նկատում: Երբեք երկինք չեն նայում, գլուխները կախ արագ-արագ գործի են վազում: Մեն-մեկ պետք է երկինք նայել և գոհանալ, որ կաս, ապրում ես, առողջ ես ու երջանիկ: Դա արդեն իսկ հրաշք է այս քիմիայի դարում, կեղտի մեջ:

– Չե՞ն եղել դեպքեր, որ «նեղանաք» Աստծուց, «կռվեք» Նրա հետ:

– Եղել է, շատ է եղել (ծիծաղում է): Բայց ես միշտ, ուշ թե շուտ, իմ հարցերի պատասխանները ստացել եմ Աստծուց: Համբերատար եմ ու երկար կարող եմ սպասել՝ վստահ լինելով, որ պատասխանս կստանամ: Այս «կռիվն» ավելի շատ ծնող-զավակ կռվի պես է, երբ չկան նեղացողներ ու չարացողներ:

– Ծովինար, սիրո՞ւմ եք մասնակցել եկեղեցական արարողություններին, տոներին:

– Ասեմ, որ ինձ համար Սուրբ Ծնունդը նոր տարուց առավել սպասելի է, շատ եմ սիրում նաև Սուրբ Զատկի տոնը: Ընտանիքում միշտ նշում ենք այդ կարևոր տոները: Իհարկե, դեռևս շատ տոների ծանոթ չեմ, բայց գլխավորները գիտեմ: Իմ ընտանիքում աղոթքն ընդհանրապես շատ է հնչում: Անձամբ ես ամեն օր աղոթում եմ: Շատ կցանկանայի, որ մեր երիտասարդները Աստվածաշունչ, Նարեկացի կարդային: Կարծում եմ, պետք է Աստծով ապրես, մեր Հայ Առաքելական եկեղեցի հաճախես, Սուրբ Պատարագներին մասնակցես, Աստծո խոսքը լսես: Ես ցավագին եմ մոտենում այդ հարցին: Շատ Աստվածավախ եմ, ամեն փոքր բանի համար հազար անգամ Աստծուց ներողություն կարող եմ խնդրել: Իսկ մարդիկ կան, որ այդպիսի բաները փոքր կարծելով՝ նույնիսկ ուշադրություն չեն դարձնի: Մեծ տղաս երեք տարեկանից աղոթք գիտեր, որովհետև ամեն գիշեր քնելուց առաջ աղոթում ենք միասին, նոր քնում է: Արդեն սովորություն է դարձել: Պետք է ծնողները ջանան, որ երեխաները մեծանան աղոթքով ու հավատացյալ: Քրիստոնեությունը, մեր կրոնը ոչ ոք չունի: Այն հայի հոգում նստած, գենից եկող կրոն է… Թող Աստված օրհնի բոլորին, նամանավանդ՝ մանուկներին…

Նելլի Մարգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս