Գյումրու վթարի գործով ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթաի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված «Կամազ-53202»-ի վարորդ Մանվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվի կալանավորումը. քննիչի միջնորդությունը բավարարվել է:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Մ. Վարդանյանը, աշխատելով «Իմէքս-Գրուպ» ՍՊԸ-ում որպես վարորդ, իրեն ամրացված «Կամազ-53202» մակնիշի , 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19.20-ի սահմաններում, Արթիկ քաղաքից երթեւեկել է դեպի Գյումրի։
Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում, երթևեկելով երկրորդական ճանապարհով, բեռնատարը մուտք է գործել գլխավոր ճանապարհ և բախվել «Գազ-32213» մակնիշի 0811 Լ հաշվառման համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մեքենայի վարորդը` Ռազմիկ Մկրտչյանը և ևս վեց ուղևոր ստացած մարմնական վնասվածքներից և այրվածքներից տեղում մահացել են»։