Կիպրոսի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը հետևանքներ չի ունենա Թուրքիայի համար. Վոլքան Բոզքըր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրն այսօր հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից Կիպրոսի վերաբերյալ բանաձև ընդունելը հետևանքներ չի ունենա Թուրքիայի համար:

Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանը համապատասխան բանաձևը կընդունի այսօր: Վերջին ամիսներին Կիպրոսի շելֆի նավթագազային հանքավայրերի հետախուզման կապակցությամբ սրվել են Կիպրոսի ու Թուրքիայի փոխհարաբերությունները: Թուրքիան անգամ ռազմանավեր է ուղարկել տվյալ գոտի:

Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում Թուրքիայի գործողությունները որակված են որպես ապօրինի ու սադրիչ: Փաստաթուղթը Թուրքիային կոչ է անում սեփական ռազմանավերն անհապաղ հետ կանչել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուց:

Դրա հետ կապված՝ Վոլքան Բոզքըրը հայտարարել է. «Մենք հարգում ենք Եվրոպական խորհրդարանը, սակայն այդ բանաձևին սպասվելու է նույն ճակատագիրը, ինչպես որ եղել է Կիպրոսի վերաբերյալ նախորդ բանաձևերի պարագայում: Մեր տեսանկյունից այն չի գործի ու հետևանքներ չի ունենա Թուրքիայի համար»:

Տեսանյութեր

Լրահոս