«Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը Ռուսաստանին կհանձնվի մոտ ժամանակներս. Ֆրանսիայի ՊՆ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանին «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրի հանձնումը տեղի կունենա մոտ ժամանակներս, սակայն ստույգ ժամկետը հստակեցված չէ:
Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Դրիանը՝ հանդես գալով Ազգային ժողովում ու պատասխանելով պատգամավորների հարցերին:
Դրիանը հիշեցրել է, որ DCNS նավաշինական կորպորացիան հայտարարել է, որ ներկա դրությամբ չի ստացել կառավարության թույլտվությունը՝ ռազմանավը ռուսական կողմին հանձնելու համար:
Դրիանի խոսքերով՝ «Ռոսօբոռոնէքսպորտի» հետ ստորագրված պայմանագիրը նախատեսում է «Միստրալ» տիպի առաջին ռազմանավը Ռուսաստանին մատակարարել 2014 թվականի աշնանը, իսկ երկրորդ ռազմանավը՝ 2015 թվականի աշնանը.
«Ֆրանսիայի նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տվյալ որոշումը կընդունվի անհրաժեշտ պահի, և որ նա պատասխանատվությամբ է մոտենում դրան: Դա իսկապես հեշտ որոշում չէ»:
Ընդգծվում է, որ ռուսական պատվիրակությունը, որը պետք է վաղը մասնակցեր Ֆրանսիայում «Միստրալ» նավի հանձնմանը, դեռ շարունակում է գտնվել Մոսկվայում: