ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված ԼՂՀ ՌՕՈՒ-ի ուղղաթիռի խոցման հետ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության էսկալացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Մենք չափազանց մտահոգ ենք Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ինչը հանգեցրել է մարդկանց զոհվելուն: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին:
Ռուսական դիրքորոշումն արտացոլված է նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում: Հակամարտող կողմերին համառորեն կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության էսկալացմանը տարածաշրջանում:
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնում ենք նրանց պատասխանատվության մասին՝ կապված Սոչիում, Նյու-Պորտում ու Փարիզում նրանց կողմից ստանձնած պարտավորությունների հետ, որոնք առնչվում են հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների հետ շարունակելու է նպատակամղված ջանքեր գործադրել՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելու համար»: