«Եթե դու չես պայքարում պուտինիզմի դեմ, նշանակում է դու ԿԳԲ-ի գործակալ ես». Պարույր Հայրիկյան
Նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ոչ իշխանական եռյակի ներկայացրած 12 պայանջների մասին, ըստ էության, տվեց բանակցությունների մեկնարկը: Բայց արդյո՞ք սա բանակցություն է Ս. Սարգսյանի ու եռյակի միջև, թե՞ Ս. Սարգսյանի ու ԲՀԿ-ի:
168.am-ի այս հարցին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց. «Մեկը գնում է աղջիկ ուզելու մյուսից, ասում են՝ 40 պատճառ կա՝ ձեզ աղջիկ չտալու: 39 պատճառ թվում են, իսկ վերջում ասում են՝ մենք աղջիկ չունենք: Այս 12 կետերի մեջ չկա Հայաստանի անկախությանը վերաբերող հարց: Դրա համար էլ իրենք միշտ էլ իրար հետ «ախպերավարի» կվերանայեն: Չկա Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը վերաբերող հարց:
Համագործակցությունը վատ բան չէ, ես որևէ մեկին չեմ մեղադրի, որ իրար հետ համագործակցում են պետության ներսում: Մենք բոլորս ենք իրար հետ համագործակցում` մեկը քննադատելով ու հակադրվելով, մյուսը` ձեռք-ձեռքի տված` լավը կամ վատն անելով:
Բայց որ իրենք այս վիճակի ստեղծման հարցում եղել են գործընկերներ, ոչ-ոքի համար գաղտնիք չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր սրանց ասպարեզ բերողը:
Համագործակցությունը դատապարտելի չեմ համարում, բայց որ բացասական բան անելիս իրար հետ են եղել, դա բոլորի համար ակնհայտ է: Եթե դու չես պայքարում պուտինիզմի բացասական դրսևորումների դեմ, չնայած այնտեղ դրական դրսևորում չկա էլ, նշանակում է դու ԿԳԲ-ի գործակալ ես: Դրանք գործակալ էլ չեն, այլ` պուտինյան խամաճիկներ»