
Ջոզեֆ Բայդենը Թուրքիա կժամանի նոյեմբերի 21-ին, սակայն չի այցելի Էրդողանի նոր նստավայր

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ նոյեմբերի 21-ին Թուրքիա կժամանի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ով իր վերջին հայտարարության մեջ ընդգծել էր, որ իր խոսքերի համար ներողություն չի խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից:
Բայդենը Թուրքիայում, սակայն, իր բոլոր հանդիպումները կանցկացնի Ստամբուլում՝ ներառյալ Էրդողանի հետ հանդիպումը: Այդպիսով, նա չի այցելի 1000 սենյակից բաղկացած Էրդողանի նոր նստավայրը՝ Անկարայում գտնվող Աք սարայ (Սպիտակ պալատ), որի կառուցումը մեծ քննարկումների տեղիք է տվել Թուրքիայում ու նրա սահմաններից դուրս:
Էրդողանի նոր նստավայրի պաշտոնապես առաջին այցելու է դառնալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով նոյեմբերի 28-30-ին կգտնվի Անկարայում ու Ստամբուլում: Թուրքիայի նախագահը նրան կընդունի հենց Աք Սարայում:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Բայդենը հոկտեմբերին Հարվարդի համալսարանում ունեցած ելույթում Թուրքիային մեղադրել էր «Իսլամական պետությանը» ու ահաբեկչական մյուս խմբավորումներին աջակցելու մեջ: