
Լեյբորիստները վստահեցնում են, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանը տանում է դեպի Եվրասիական միություն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը վստահեցնում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի ղազախական այցի ժամանակ ստորագրվել է ինչ-որ համաձայնագիր, որի հետևանքով Ռուսաստանը տիրելու է Վրաստանի էներգետիկ ոլորտին, ինչն էլ սկիզբ կդնի Եվրասիական միությանը երկրի անդամակցությանը:
Գարիբաշվիլին երեկ է մեկնել Ղազախստան, ուր և հանդիպել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ու իր ղազախ գործընկեր Քարիմ Մասիմովի հետ: Վրաստանի կառավարությունը տեղեկատվություն չի տարածել որևէ համաձայնագրի ստորագրման մասին:
Լեյբորիստական կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Գուգավան հայտարարել է, որ Գարիբաշվիլին նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հրահանգով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստորագրել է ինչ-որ համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը վերստին հայտնվելու է ռուսական «Գազպրոմ» պետական ընկերության ազդեցության ներքո:
Գուգավայի խոսքերով՝ դա կհանգեցնի սպառողների համար գազի սակագնի թանկացմանը, էներգետիկ ոլորտը Ռուսաստանի ձեռքն ընկնելուն ու սկիզբ կդնի Եվրասիական միությանը երկրի անդամակցությանը: Նա պահանջել է, որ Վրաստանի իշխանությունները հրապարակեն համաձայնագրի բովանդակությունը, որը նրա խոսքերով ստորագրվել է նախօրեին: