Ֆինանսների նախարարը հանդիպել է ԵՏՀ մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարարին
Աշխատանքային այցով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը: 2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությանն ընդառաջ Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով Վ. Գոշինը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Նախարարի խոսքով` հանդիպումը նպատակաուղղված էր տեխնիկական և գործառնական հարցերի հստակեցմանը:
Դիտարկվել են «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրագործման ընթացքն ու մաքսային հարաբերությունների հետագա զարգացման ծրագրերը, ՄՄ անդամ երկրների համակարգերի ներդաշնակեցման համատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն ու ծրագրային ապահովմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև ապրանքների տարանցիկ փոխադրումների արդյունավետ կազմակերպման ուղիները: Քննարկվել է նաև մաքսային ապահովման և նույնականացման միջոցների կիրառման առանձնահատկություններից ելնելով` ՄՄ անդամ երկրների առևտրաշրջանառության մաքսային հսկողության ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությունը: Աշխատանքային այցի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը այցելել է նաև Բագրատաշենի մաքսակետ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին