Արմեն Աշոտյանը խնդրում է երիտասարդ դասախոսներին դիմում չգրել, սպասել

«Խնդիրը մենք բարձրաձայնել ենք, նորից հիշեցնեմ, օգոստոս ամսից: Ես ուրախ եմ, որ հանրային նախաձեռնությունները խնդիրը պահում են իրենց ուշադրության կենտրոնում, բայց միաժամանակ պետք է շեշտեմ, որ այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում էր մինչև հանրային նախաձեռնությունների կողմից այս աջակցությունը ստանալը»,- այս մասին այսօր ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով համատեղությամբ աշխատող դասախոսների խնդրին:

Ինչպես հայտնի է, երեկ «Դեմ եմ» նախաձեռնությունն ակցիա էր իրականացնել՝ նշելով, որ համատեղությամբ աշխատող դասախոսները սոցիալական վճարների պարտականությունից չեն կարողանում ազատվել՝ թեկլուզ մինչև 2017թ.:

Արմեն Աշոտյանն այսօր ասաց, որ աներկբա է, որ խնդիրը գոյություն ունի. «Խնդիրը կարևորագույն խնդիրներից մեկն է: Աներկբա է, որ այս խնդիրը լուծվելու է: Փորձում էինք տալ լուծումներ առանց օրենքի փոփոխության: Իրավաբաններն ասում են, որ մեր այդ մոտեցումը գուցե հնարավոր չլինի իրականացնել: Կրթության նախարարությունը կրթության ոլորտի պատասխանատուն է, խնդրի բարձրաձայնողը, մեր այլ գերատեսչությունների հետ միասին լուծում փնտրողը: Բայց հիմնական գերատեսչությունը, որը զբաղվելու է այս հարցով, Կրթության նախարարությունը չէ, որովհետև խնդիրը գտնվում է ֆինանսական բլոկում: Եվ երեկ իմ գործընկերը՝ պարոն Խաչատրյանը, հստակ ասաց, որ գնում է պրոցեսը: Համենայնդեպս, որևէ դասախոս չի տուժելու: Ես խնդրում եմ բոլոր երիտասարդ դասախոսներին, որոնք դեռ ազատման դիմումներ չեն գրել, չանել դա, սպասել և խնդիրն անպայման լուծում է ստանալու»:

Տեսանյութեր

Լրահոս