
2013 թվականին Օբաման ու նրա ընտանիքը ստացել են ավելի քան 200.000 դոլար արժողությամբ նվերներ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու նրա ընտանիքի անդամները 2013 թվականին ստացել են ընդհանուր առմամբ ավելի քան 200.000 դոլար արժողությամբ նվերներ: Ամերիկյան օրենքների համաձայն՝ դրանք ամբողջությամբ հանձնվել են գանձարանին և կազմվել է համապատասխան արձանագրություն:
Նվերների թվում կան սպիտակ ոսկուց պատրաստված զարդեր, որոնք պատված են դեղին շափյուղաներով ու ադամանդներով: Դրանք գնահատվել են ավելի քան 71.000 դոլար:
Այդ զարդերն ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային հանձնել է Բրունեյի սուլթանի կինը: Նվերների թվում կան նաև նկարներ ու քանդակներ, գրքեր, ծաղկամաններ, գորգեր և այլն: Ոմանք նվիրել են ազգային հագուստ, ինչպես օրինակ Մարոկկոյի թագավորը:
Ամենաինքնատիպ նվերներ են համարվում Լիտվայի նախագահի նվիրած դեղնականաչավուն բասկետբոլային անվանական շապիկն ու Տանզանիայի առաջնորդի նվիրած զեբրի կաշվով գորգը: