
Ադրբեջանի ռազմաօդային ու ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմածովային ու ռազմաօդային ուժերը սկսել են համատեղ անցկացնել լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ: Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում:
Դրանում նշված է, որ այդ զորավարժությունները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեթթին Սադիկովը:
Զորավարժություններին մասնակցում են ռազմածովային ուժերի ողջ անձնակազմը, ռազմաօդային ուժերի զորամիավորումները, ինչպես նաև ԱԻՆ-ի ու Պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները:
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններում ներգրավված է 5000 զինծառայող, մինչև 40 ռազմանավ ու մոտորանավակ, 58 հրետանային ու հրթիռային սարք, ռազմաօդային ուժերի մինչև 20 ինքնաթիռ ու ուղղաթիռ, ՀՕՊ-ի 50 միջոց, ինչպես նաև հատուկ նշանակության ուժեր:
Զորավարժություններն անցկացվում են երեք փուլով: Ակտիվ փուլում իրականացվելու են մարտական կրակոցներ զորավարժություններում ներգրավված բոլոր զինատեսակներով: Զորավարժությունները տևելու են մինչև նոյեմբերի 17-ը: