Իշխանափոխության փոխարեն՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխում

Եռյակի ներսում առկա տարաձայնությունները երեկ ստացան իրենց հանգուցալուծումը. եռյակը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ, միայն թե առաջարկում է իր նախապայմանը: Երեկ տեղի ունեցած եռյակի նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են քննարկել 12 կետերի կատարման ընթացքը, միայն թե իշխանությունն այդ կետերի կատարումը պետք է սկսի ոչ թե առաջին, այլ 10-րդ կետից:

10-րդ կետը վերաբերում է Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու քառյակի պահանջին: Եռյակն ուզում է հավաստիացում, որ իշխանությունները բանակցությունների իմիտացիա չեն ստեղծի, այլ իրապես կզբաղվեն 12 կետերում առաջադրված խնդիրների լուծմամբ, և, որպեսզի համոզվեն իշխանությունների լրջության մեջ, առաջարկում են, որ իշխանությունը փոփոխություն կատարի Ընտրական օրենսգրքում և գործող խառը համամասնական-մեծամասնական ընտրակարգի փոխարեն` հաջորդ խորհրդարանական ընտրությունները կազմակերպի 100 տոկոս համամասնական ընտրակարգով:

Մյուս պահանջը վերաբերում է ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցածների ցուցակները հրապարակելուն: Այս պահանջն արդեն մի քանի տարի հնչեցվում է, և ընդդիմությունը հույս ունի, որ այդ ցուցակների միջոցով ինքը կկարողանա կանխել ընտրակեղծիքների իրականացումը. մասնավորապես, բացահայտել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն կազմակերպվող քվեարկությունները:

Դեռ անցյալ շաբաթվա վերջին եռյակի ներսում որոշ տարակարծություններ էին ի հայտ եկել, որոնք այս շաբաթվա սկզբին հրապարակային տեսք ստացան: ՀԱԿ-ը պահանջում էր, որպեսզի հնարավորինս շուտ համազգային հանրահավաք հրավիրվի և այլևս գործուն քայլեր իրականացվեն իշխանափոխության ուղղությամբ: Սակայն ԲՀԿ խմբակցությունում հասկացնել տվեցին, որ իրենք շտապելու որևէ մտադրություն չունեն, և, եթե ՀԱԿ-ը ցանկանում է հանրահավաք հրավիրել, ապա ազատ է հանրահավաք հրավիրելու իր ցանկությունն իրականացնելու հարցում: Երեկ եռյակի նիստի ավարտից հետո պարզ դարձավ, որ ՀԱԿ ներկայացուցիչները համաձայնել են հանրահավաքներ հրավիրելու և իշխանափոխություն իրականացնելու օրակարգը փոխարինել իշխանության հետ երկխոսության օրակարգով: Նրանք որևէ հատուկ կարծիք չներկայացրեցին, և Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով իշխանությանը երկխոսության նախապայման ներկայացնելու մասին, խոսում էր ոչ թե «Ժառանգության», այլ եռյակի անունից:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե ի՞նչ փաստարկներով են համոզել ՀԱԿ-ին, որ երկխոսությունն ավելի լավ է, քան հանրահավաքները, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նախ պատասխանեց, որ այդ հարցը ճիշտ կլինի ուղղել ՀԱԿ-ի ներկայացուցիչներին, ապա ավելացրեց, որ եռյակի նիստի ժամանակ քննարկված բոլոր հարցերը չէ, որ հրապարակման ենթակա են, և կան նաև գաղտնիքներ, որոնք իրենք նպատակահարմար չեն համարում բացահայտել:

Բայց այստեղ շատ մեծ գաղտնիք լինել չի կարող, որովհետև ընտրությունը ՀԱԿ-ի համար այնքան էլ մեծ չէ: Կամ ՀԱԿ-ը պետք է ինքնուրույն հանրահավաք հրավիրի և հայտարարի, որ ԲՀԿ-ն իրենց «գցել» է` հրաժարվելով հրապարակային պայքարից և իշխանափոխություն իրականացնելու պահանջից, կամ պետք է շարունակի ենթարկվել ԲՀԿ-ին և անի այնպես, ինչպես նպատակահարմար է համարում կամ որոշում է ԲՀԿ առաջնորդը:

ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ ասում են, որ առաջին տարբերակը բացառված է, քանի որ, եթե ՀԱԿ-ը որոշի ինքնուրույն հանրահավաք հրավիրել և այդ հանրահավքի ժամանակ խոսի ԲՀԿ-ի վճռականության պակասի մասին, ապա կստացվի, որ երեք տարի առաջ Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած քաղաքագիտական վերլուծությունը սխալ էր, որ ՀԱԿ-ը և նրա առաջնորդն այդպես էլ չկարողացան ԲՀԿ-ին և նրա առաջնորդին դուրս բերել իշխանությունների վերահսկողությունից և դարձնել ընդդիմություն:

Բայց քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն անսխալական է և երբևէ չի կարող սխալ վերլուծություն կատարել, ապա այս տարբերակը ՀԱԿ-ի համար ընդհանրապես մերժելի է: Բացի դա, ՀԱԿ-ում հասկանում են, որ առանց ԲՀԿ-ի` իրենք չեն կարող ինքնուրույն հանրահավաք հրավիրել, և, եթե նույնիսկ նման քայլի դիմեն, ապա դա կավարտվի խայտառակությամբ, քանի որ առանց ԲՀԿ-ի ֆինանսական և ավտոբուսային աջակցության` հրապարակը ոչ թե կիսադատարկ, այլ դատարկ կլինի, և դրանով ևս մեկ անգամ կփաստվի, որ ՀԱԿ-ը վերածվել է շարքային ընդդիմադիր կուսակցության, այնպիսին, ինչպիսիք տասնյակներով կան Հայաստանում:

Ինչ վերաբերում է համակերպվելու տարբերակին. ապա դա ՀԱԿ-ի համար լավագույն լուծումն է: ՀԱԿ-ը ոչ հրապարակային, այլ իր շարքերի և հանրային որոշակի լսարանի համար կշարունակի ցույց տալ, որ ինքն ավելի արմատական գործողությունների կողմնակից է, սակայն միայնակ ոչինչ չի կարող որոշել և անել, քանի որ իրենց դաշնակից կուսակցություններն այս հարցում իրենց հետ համակարծիք չեն: ՀԱԿ-ի շարքային անդամները վաղուց արդեն համակերպվել են ԲՀԿ-ի՝ որպես առաջնորդ և մեծ եղբոր դերի ընդունմանը, այնպես որ, այս հարցում որևէ ընդվզում չի լինի:
Երբ սեպտեմբերի վերջին քառյակը քննարկում էր միասնական հանրահավաք հրավիրելու հարցը, որի հիմնական թեման պետք է լիներ սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու և այդ փոփոխությունները մերժելու գաղափարը, ՀՅԴ խմբակցությունը որոշեց չմասնակցել քառյակի նիստերին, քանի որ ՀՅԴ-ականներն անկեղծորեն հայտարարեցին, որ իրենք կողմ են սահմանադրական փոփոխություններին, ինչի արդյունքում քառյակը դարձավ եռյակ:

Ավելին, նրանք հայտարարում էին, որ իրենք պետական կառուցվածքի, պետության ներսում գործող հարաբերությունների փոփոխությունը տեսնում են սահմանադրական փոփոխությունների իրականացման ճանապարհով և առաջարկում էին բոյկոտի փոխարեն` ակտիվորեն մասնակցել այդ փոփոխությունների իրականացմանը: Հիմա եռյակը, ըստ էության, վերադառնում է այնտեղ, որտեղ թողել էր ՀՅԴ-ին, և պատրաստվում է իշխանության հետ քննարկել Ընտրական օրեսգրքի փոփոխությունը և 12 կետերում ամրագրված այլ պահանջներ:

Եթե գոնե եռյակն իշխանության հետ երկխոսության նախապայման առաջարկեր սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու մասին հայտարարությունը, ապա ինչ-որ տեղ սկզբունքայնություն կդրսևորեր, բայց խոսելով Ընտրական օրեսգրքի մասին, եռյակը տպավորություն է թողնում, որ իրեն այս պահին հետաքրքրում է ապագա խորհրդարանում մի քանի մանդատ ավելին ունենալու ձգտումը:

Այսպիսով իշխանափոխություն իրականացնելու և արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու եռյակի պահանջն, ապագայում կտրանսֆորմացվի, և արդյունքում` կստեղծվի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հանձնաժողով, որի կազմում ներկայացված կլինեն խորհրդարանական բոլոր վեց կուսակցությունները, որոնք 2015թ. ընթացքում կփորձեն կոնսենսուսի գալ Ընտրական օրենսգրքի մի քանի սկզբունքային հոդվածների շուրջ:

Իհա՛րկե, իշխանությունը դժվար թե համաձայնի ընտրացուցակների բարեփոխմանը և գուցե համաձայնի համամասնական ընտրակարգին անցնելու տարբերակին, բայց եռյակի համար դա էլ մեծ հաջողություն է, քանի որ, ինչպես սիրում են կրկնել եռյակի տարբեր ներկայացուցիչներ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Դե, նրանց հնարավորություններն էլ այդքան են:

 

Տեսանյութեր

Լրահոս