1914թ. ռուսական նավերի վրա «Գյոբենի» ու «Բրեսլաուի» հարձակման հրամանը գաղտնի արձակել է Էնվերը. Sabah

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրք պրոֆեսոր Մուսթաֆա Բալջըօղլուն Գլխավոր շտաբի արխիվից հայտնաբերած փաստաթղթերը վկայել են, որ Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան անձամբ է արտոնել ծովակալ Սուշոնի հրամանատարության ներքո գտնվող գերմանական ռազմանավերի («Գյոբեն» և «Բրեսլաու») անցումը Սևծովյան նեղուցներով ու Սև ծովում ռուսական ռազմանավերի վրա հարձակվելը:

Ընդ որում, մեծ վեզիր Սաիդ Հալիմ Փաշան ու նրա կառավարությունն անտեղյակ են եղել այդ ամենից: Փաստաթղթերն ի հայտ են եկել Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակին: Պատմության հարցերով փորձագետ Մուսթաֆա Բալջըօղլուն Գլխավոր շտաբի արխիվից հայտնաբերել է միանագամից երկու կարևոր փաստաթուղթ, որոնք գրված են թուրքերենով ու գերմաներենով:

Փաստաթղթերից մեկը թվագրված է 1914 թվականի օգոստոսի 4-ին: Դրա համաձայն՝ Սևծովյան նեղուցներով գերմանական ռազմանավերի անցման հրամանն արձակել է անձամբ Էնվեր փաշան: Ընդ որում, հրամանի արձակման ժամանակ գերմանական ռազմանավերը դեռ գտնվում էին Սիցիլիա կղզու մոտ:

Ընդունված է համարել, որ գերմանական ռազմանավերը, հալածվելով անգլիացիների կողմից, շարժվել են Թուրքիայի ուղղությամբ: Սակայն համապատասխան որոշումը նախապես կայացվել է գերմանացիների ու Էնվեր փաշայի միջև:

Երկրորդ փաստաթուղթն էլ թվագրված է 1914 թվականի հոկտեմբերի 22-ին: Օսմանյան նավատորմի հրամանատար նշանակված գերմանացի ծովակալ Սուշոնը ցանկացել է ռազմանավերով դուրս գալ Սև ծով, սակայն մեծ վեզիր Սաիթ Հալիմ Փաշան չի թույլատրել դա:

Այդ ժամանակ ծովակալը համապատասխան հրամանը ստացել է Էնվերից, ով այդ մասին չի իրազեկել մեծ վեզիրին: Էնվերը հրամայել է առանց պատերազմ հայտարարելու հարձակվել ռուսական նավերի վրա: Հոկտեմբերի 29-ին գերմանական ռազմանավերը մոտեցել են Սևաստոպոլին ու կրակ բացել, ինչից հետո Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը:

Տեսանյութեր

Լրահոս