Օբաման կարգադրել է վերանայել «Իսլամական պետության» դեմ պայքարի ռազմավարությունը
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային անվտանգության ոլորտում իր օգնականներին խնդրել է վերանայել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ռազմավարությունը:
Վերջին շրջանում Վաշինգտոնում չորս հանդիպում է կազմակերպվել մասնագետների հետ, որոնցից մեկը նախագահել է հենց ինքը՝ Օբաման: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները կարծում են, որ «Իսլամական պետությանը» անկարելի է հաղթել առանց Սիրիայում իշխանափոխություն իրականացնելու՝ հեռացնելով նախագահ Բաշար Ասադին:
Հետևաբար, Վաշինգտոնում բավարար չեն համարում սկզբնական ռազմավարությունը, որի շրջանակներում նախ Իրաքում, ապա նաև Սիրիայում հակազդեցություն է ցուցաբերվում «Իսլամական պետությանը»՝ առանց շեշտը դնելու Ասադի հեռանալու վրա:
Սիրիայում ԱՄՆ-ը շեշտը դնում է չափավոր ընդդիմության վրա, որը ներկայացնում է «Սիրիական ազատ բանակը», որը միաժամանակ պայքարում է ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ՝ արմատական իսլամականների՝ «Իսլամական պետության» ու «Ջաբհաթ ալ-Նուսրայի» դեմ: