ԲՀԿ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին

Ոչ իշխանական եռյակը երեկ, ըստ էության, համաձայնվեց իշխանության հետ բանակցելու նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին, միայն թե մի պայմանով. բանակցությունները պետք է սկսել ոչ թե կառավարությանը ներկայացված 12 կետանոց պահանջագրի առաջին, այլ 10-րդ կետից: Առաջին կետով եռյակը պահանջում էր, որպեսզի կառավարությունը հրաժարվի Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչից, իսկ 10-րդ կետը վերաբերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին:

Երեկ տեղի ունեցած եռյակի հերթական հավաքից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու իշխանության պատրաստակամությունն իրենց համար կլինի այն լակմուսի թուղթը, որի միջոցով իրենք կկարողանան որոշել` արդյո՞ք իշխանությունն իսկապես լուրջ երկխոսություն սկսելու մտադրություն ունի, թե՞ հերթական անգամ երկխոսության իմիտացիա է անում: Եռյակը նույնիսկ երաշխավորում է, որ եթե իշխանությունը պատրաստակամություն հայտնի բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, ապա այդ նախաձեռնությունը կողջունեն ոչ միայն եռյակի անդամ կուսակցությունները, այլև ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:

Եռյակն առաջարկում է խորհրդարանական ընտրությունները կազմակերպել 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև քվեարկությունից հետո հրապարակել քվեարկության մասնակիցների ցուցակները: Դրանից հետո իրենք պատրաստ կլինեն քննարկելու կառավարությանը ներկայացված մյուս պահանջների իրականացումը: Այսպիսով կարելի է արձանագրել, որ եթե իշխանությունն ընդառաջ գնա եռյակին և 1-ին կետը փոխարինի 10-րդ-ով, ապա արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ կազմակերպելու պահանջը դուրս կգա եռյակի օրակարգից, և կձևավորվի նոր օրակարգ. բանակցություններ՝ 12 կետերի կատարման շուրջ: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս նման բանաձև էր ներկայացրել. նա հայտարարել էր, որ իրենք իշխանափոխության պահանջ կդնեն, եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, որոնցից հիմնականը Գագիկ Ծառուկյանը համարում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումները:

Նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով 12 կետերի մասին, ըստ էության, տվեց բանակցությունների մեկնարկը: Միայն թե այդ բանակցությունների կողմերը ոչ թե իշխանությունն ու եռյակն են, այլ իշխանությունն ու ԲՀԿ-ն, մյուսները բավարարվելու են այդ բանակցություններին հետևելով և կողքից մեկնաբանություններ անելով:

Տեսանյութեր

Լրահոս