Աշխարհի ամենաթանկ գրպանի ժամացույցը վաճառվել է 24 միլիոն դոլարով

Աշխարհի ամենաթանկ գրպանի ժամացույցը՝ Henry Graves Supercomplication-ը, Ժնևում տեղի ունեցած Sotheby’s աճուրդում վաճառվել է 24 միլիոն դոլարով։ Այս մասին գրում է BBC-ն։

Ժամացույցը պատրաստվել է շվեյցարական Patek Philippe ընկերության կողմից 1932 թվականին՝ նյու-յորքյան բանկիր Հենրի Գրեյվսի պատվերով։ Պատրաստելու վրա ծախսվել է 8 տարի։

«Henry Graves Supercomplication ժամացույցը համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Վաճառքի գինը 2 անգամ բարձր է նախկին ռեկորդից, որն արձանագրվել էր 15 տարի առաջ», – ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ։ Նշենք, որ աճուրդը նվիրված է եղել Patek Philippe.ընկերության 175-ամյակին։

Henry Graves Supercomplication ոսկյա ժամացույցը կշռում է 500 գրամ և բաղկացած է 920 դետալներից։ Կորպուսը պատրաստված է 18 կարատ ոսկուց, իսկ թվատախտակը արծաթաջրված է։ Ժամացույցն ունի 24 տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ օրացույց, լուսնային փուլերի ցուցիչ և այլն։

Ժամացույցի տերը՝ Հենրի Գրեյվսը, գրազ էր եկել մեկ այլ մեծահարուստի հետ, որ ինքը կլինի աշխարհի ամենաբարդ ժամացույցի տերը։ Նա շահեց գրազը. Henry Graves Supercomplication-ը 56 տարի համարվում էր աշխարհի ամենաբարդ ժամացույցը՝ զիջելով միայն համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծված ժամացույցներին։

Ժամացույցի վերջին տերը քաթարցի կոլեկցիոներ Սաուդ բին Մուհամմեդ ալ-Թանին էր։ Կենդանության օրոք նա խոշոր պարտք էր կուտակել Sotheby’s-ին։ Այդ իսկ պատճառով ժամացույցը վաճառվեց նրա մահվանից 2 օր անց և գումարն ուղղվելու է պարտքի փակմանը։

Տեսանյութեր

Լրահոս