Լյուդմիլա Սարգսյան. Իսկ ո՞վ ասաց, որ վերջին խոսքը ՀԱԿ-ինն է կամ Բարգավաճինը

Հայ ազգային կոնգրես և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների` մարտավարական հարցերում որոշ տարաձայնությունները չեն խանգարելու նրանց սկսած համաժողովրդական շարժումը հաղթական ավարտին հասցնելուն: 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց վերջին իրադարձությունները Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ նրա` տարբեր կուսակցություններ, այդ թվում` «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, միասին ընդհանուր պայքարի մեջ լինելով, մարտավարական և «ճանապարհային քարտեզի» մասով կարող են ունենալ իրենց պատկերացումները, և այդ իմաստով ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց հայտարարություններում ներկայացրել է իրենց մոտեցումները, որոնք չեն հակասում մեկը մյուսին, այլ ընդհառակը` փոխլրացնում են:

«Ես կարծում եմ, որ կլինի շտաբների ձևավորման գործընթացը, և ակտիվ գործողությունները կշարունակվեն»,- նշեց նա:

Լյուդմիլա Սարգսյանը նաև ավելացրեց, թեև ինքը ՀԱԿ-ի համախոհներից է, բայց չի կարող պատասխանել Եռյակի փոխարեն, քանի որ անմիջականորեն չի մասնակցում երեք ուժերի բանակցություններին:

Կարդացեք նաև

Միաժամանակ մեր զրուցակիցը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Եռյակում որոշումներ կայացնում է «Բարգավաճ Հայաստանը»: Նրան նաև չի մտահոգում այն փաստը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս` Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո, դադարել է խոսել իշխանափոխության մասին և հայտարարում է, որ ինքը «չի շտապելու»:

Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարը վստահ է, որ, միևնույն է՝ ձևավորվելու է միանական կարծիք և մարտավարություն, և շարժումն առաջ է գնալու. «Իսկ ո՞վ ասաց, որ վերջին խոսքը ՀԱԿ-ինն է կամ Բարգավաճինը: Եկեք չկառչենք առանձին մարդկանց արտահայտած տեսակետներից: Ես գիտեմ, որ համագործակցությունը շարունակվում է, և դրական լույսի ներքո եմ այդ ամենը տեսնում: Ընթանում են բանակցություններ, թե ինչ կերպ կազմակերպեն ամեն ինչ, որ պայքարն ավելի արդյունավետ լինի: Եթե ոչինչ չարվեր, այն ժամանակ անհանգստանալու հիմքեր կունենայի, բայց և´ ՀԱԿ-ի, և´ ԲՀԿ-ի հայտարարությունները հուշում են մի փաստի մասին, որ կա մտահոգություն և ցանկություն` այս շարժումը հաղթական ավարտին հասցնելու համար»:

Ի դեպ, այսօր Ազգային ժողովում կայանալու է Եռյակի հերթական նիստը, որից հետո, ինչպես սպասվում է, կհայտարարվի, թե ինչ որոշում է կայացրել Եռյակը հետագա անելիքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը նոյեմբերի 9-ին հանդես էր եկել հայտարարությամբ` ԲՀԿ-ին զգուշացնելով, որ անորոշ ժամանակով ակտիվ քաղաքական գործողությունների հետաձգումը, այսինքն` մասնավորապես հանրահավաքներ չանելը, կարող է ճակատագրական սխալ դառնալ: Սրան ի պատասխան` ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ուղղակիորեն հայտարարել էր` ԲՀԿ-ն պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների և վճռական գործողությունների` ճիշտ պահին, և նաև ավելացրել, որ եթե որևէ ուժ ցանկանում է հանրահավաք անել, կարող է անել ինքնուրույն` ցանկացած վայրում և ցանկացած պահի:

 

 

Տեսանյութեր

Լրահոս