
ԲՀԿ-ն պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների` ճիշտ պահին. Տ.Ուրիխանյանն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը

ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր հայտարարություն է տարածել՝ պատասխանելով կիրակի օրը ՀԱԿ-ի արտահայտած այն մտքին, որ ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ:
Տ. Ուրիխանյանը մասնավորապես ասել է.
«Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ: ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը:
ԲՀԿ-ն շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին»: