«Իսլամական պետության» ղեկավարն Իրաքում տուժել է ավիահարվածի հետևանքով. աղբյուր
AIN լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարը տուժել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով:
Ինքնաթիռները հարվածել են Իրաքի արևմուտքում գտնվող Ալ-Անբար նահանգի Ալ-Քաիմ քաղաքին: Իրաքի հատուկ ծառայությունների անանուն աշխատակիցը հայտնել է, որ խմբավորման առաջնորդ Ալ-Բաղդադին վիրավորվել է և նրան տեղափոխել են Սիրիա:
Նրա խոսքերով` հայտնի է դարձել, որ զոհվել են նաև խմբավորման մի շարք դաշնային հրամանատարներ: Դրանից հետո խմբավորման ներկայացուցիչները դիմել են տեղաբնակներին` կոչ անելով արյուն հանձնել տուժած զինյալների համար:
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը չի կարողացել հաստատել ավիահարվածի հետևանքով ալ-Բաղդադիի վիրավորվելու փաստը: