Ինչո՞ւ ՕԵԿ-ը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը
«Այնպես չէ, որ ՕԵԿ-ը չի միանում եռյակին, համագործակցությունը եռյակի հետ մշտապես եղել է, մենք ունենք նախագծեր, որ իրար հետ ենք ներկայացրել, իսկ եթե դուք ի նկատի ունեք հարթակում հանրահավաքին մասնակցելը, չի եղել առաջարկություն, և մենք, բնականաբար, չենք եղել հանրահավաքում, մենք հո անկոչ հյուր չէի՞նք, որ գնայինք, մասնակցեինք»,- ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ ՕԵԿ-ը չի միանում եռյակին, այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
168.am-ի հարցին՝ տեղի՞ն եք համարում այն բոլոր հարցերը, որոնք ոչ իշխանական ուժերի եռյակն է բարձրացնում այսօր, Ի. Իշխանյանն այսպես պատասխանեց. «Ընդդիմության խնդիրն է՝ վեր հանել այն կուտակված խնդիրները, որոնք առկա են երկրում: Ձեր ասած եռյակը փորձում է այդ խնդիրները վեր հանել և հրապարակային դաշտում իր գործառույթներն իրականացնել»:
Իսկ տեղի՞ն են արդյոք իշխանափոխության պահանջները, որոնք հարթակի ուժերը ներկայացնում են. Ի. Խաչատրյանն ասաց, որ ինքը կոռեկտ չի համարում մեր այդ հարցին պատասխանելը:
168.am-ի ճշտող հարցին՝ արդյոք պատգամավորը չի՞ տեսնում իշխանափոխության խնդիր Հայաստանում, Ի. Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարծում, թե այս պահին իշխանափոխության հրատապ խնդիր կա. «Կարծում եմ՝ զարգացումները ցույց կտան»:
Հարցին՝ ՕԵԿ-ն ընդդիմություն է իրեն հռչակել, ինչո՞ւ իշխանափոխություն չեք պահանջում, նա այսպես արձագանքեց.
«Եթե ձեզ հետաքրքիր է, թե մենք Սերժ Սարգսյանի հրաժարականը ինչո՞ւ չենք պահանջում, ես ասեմ՝ 2 պատճառով. նախ՝ մենք Սերժ Սարգսյանի հետ 6 տարի աշխատել ենք, բնականաբար, ճիշտ չի լինի, որ հիմա հրաժարականը պահանջենք, երկրորդ՝ ինքը հեռացող նախագահ է և ինքը հայտարարել է, որ չի առաջադրվելու»: