ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի տարաձայնությունները՝ առաջիկա հանրահավաքի կազմակերպման ժամկետների շուրջ

Եռյակի նախորդ հանրահավաքից անցել է երկու շաբաթ, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները չգիտեն, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը, կամ ընդհանրապես ինչ գործողություններ են ձեռնարկելու եռյակի կուսակցություններն առաջիկայում իրենց հռչակած իշխանափոխությունն իրականացնելու համար: Ճիշտ է, այսօր ԲՀԿ խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել ակտիվ աշխատանք կատարել ոչ իշխանական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ, «Համաժողովրդական շարժման» գրասենյակներ բացել գյուղերում և քաղաքներում և ապահովել դրանց բնականոն գործունեությունը, սակայն եռյակի ներսում ԲՀԿ-ի որոշումները ոչ միանշանակ են ընդունվում: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ որոշ տակտիկական տարաձայնություններ կան ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև:

ՀԱԿ ներկայացուցիչները համարում են, որ այս պահին հանրահավաքային շարժումը դադարեցնելը վտանգավոր է, քանի որ իրենք հասարակությանը հանել են ոտքի, և քանի դեռ կա հասարակական լուրջ ակտիվություն, այն պետք չէ սառեցնել: Իսկ չսառեցնելու և շարժումը ավելի տաք պահելու համար պետք է հանրահավաքները ոչ միայն չդադարեցնել, այլ ընդհակառակը՝ կազմակերպել շուրջօրյա հանրահավաքներ, որի արդյունքում հրապարակում հավաքված մարդկանց թիվն անընդհատ կավելանա: Իսկ հրապարակում ունենալով մի քանի տասնյակ հազար մարդ, հնարավոր կլինի ճնշում գործադրել իշխանության վրա և իշխանությանը պարտադրել գնալ զիջումների, մասնավորապես՝ արտահերթ ընտրությունների անցկացում, թեկուզ սկզբի համար՝ խորհրդարանական:

ՀԱԿ ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ եթե տևական ժամանակ  հանրահավաքներ չկազմակերպվեն, հասարակությունը կկորցնի հետաքրքրությունը եռյակի և նրա կողմից կազմակերպվող միջոցառումների նկատմամբ, և իրենք չեն կարողանա հաջորդ հանրահավաքների ժամանակ նույնչափ մարդաշատ հրապարակներ ունենալ: Մյուս կողմից՝ ՀԱԿ-ը զգում է տարբեր խմբերի և շերտերի ճնշումը, որոնք ակտիվ գործողությունների պահանջ են դնում:

Մասնավորապես, ազատամարտիկների նորահայտ միավորումները պահանջում են հնարավորինս արագ որոշումներ կայացնել, և ՀԱԿ-ում նրանց հանգստացնում են, որ հենց այդպես էլ արվելու է, և քիչ ժամանակ է մնացել սպասելու:

Ի տարբերություն ՀԱԿ-ի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ հանրահավաքներ կազմակերպելը ոչինչ չի տա, եթե ինքը նոր ասելիք չունի հրապարակում հավաքվածներին: Ընդհակառակը՝ նա կարծում է, որ ինքը կարողացել է իշխանությանը ցույց տալ, որ կարողանում է հրապարակում մի քանի տասնյակ հազար մարդ հավաքել, և համոզված է, որ այդքան մարդ ինքը հրապարակում կարող է հավաքել ցանկացած պարագայում, և այստեղ ոգևորության կամ հիասթափության գործոնը գրեթե դեր չի կատարում:

Հիմա նա պետք է ցույց տա, որ ամբողջ երկիրը՝ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, եռում է իշխանափոխության գաղափարով, որ յուրաքանչյուր գյուղում ստեղծի համապատասխան կառույց, որի միջոցով հաջորդ հանրահավաքի ժամանակ կարողանա Երևան բերել կրկնակի, եթե հնարավոր է՝ դրանից էլ ավելի շատ մարդ:

Ի տարբերություն ՀԱԿ-ի, Ծառուկյանը համոզված է, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, քանի որ իշխանության ռեսուրսը գնալով սպառվում է, քանի որ դժգոհությունն իշխանությունից ավելի է մեծանում, մինչդեռ ինքը այդ նույն ժամանակն օգտագործելու է համախոհների ավելի մեծ բանակ հավաքագրելու համար, որի արդյունքում երկրում կստեղծվի մի  այնպիսի իրավիճակ, որ իշխանությունն առանց շուրջօրյա հանրահավաքների էլ պատրաստ լինի երկխոսության, և հնարավոր լինի հասնել առավելագույն զիջումների:

Բնական է, որ որոշումներ կայացնողը եռյակում ԲՀԿ-ն է, և մյուս երկու կուսակցությունները՝ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ընդամենն առաջարկներ ներկայացնողի դերում են: Ինչ կորոշի ԲՀԿ-ն, այդպես էլ կլինի: Ինչպես մի անգամ գրել էինք, որոշումներ պետք է կայացնել մինչև հունվարի 1-ը, մինչև Հայաստանի ԵՏՄ անդամակցումը, քանի որ դրանից հետո այլևս ուշ կլինի:

Այնպես որ, եթե ոչ՝ նոյեմբերին, ապա առնվազն դեկտեմբերին պետք է սպասել նոր քաղաքական ակտիվություն:

Տեսանյութեր

Լրահոս