«Samsung» ընկերությունը ցանկանում է Հայաստանի ուսանողներին նվիրաբերել իր տեխնոլոգիաները և փորձը. Սանգչուլ Լի
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Samsung» ընկերության աջակցությամբ վերազինված լսարանի բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և «Samsung» ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգչուլ Լին:
«Samsung»-ի հայաստանյան ներկայացուցչության գործարար հարաբերությունների զարգացման մասնագետ Ստեփան Ենոքյանը 168-ի հետ զրույցում ասաց, որ մասնագիտացված էլեկտրոնային լսարանը վերազինված է էլեկտրոնային սարքավորումներով՝ էլ. Գրատախտակ, նոթբուքեր, պլանշեթներ (Samsung LED LFD Display Touch Overlay Accessories` 75.4 անկյունագծով, 6 կետի ճանաչման հնարավորությամբ, 30 Galaxy Tab Tablet, 15 Notebook Core i5 Ռ.Մ.).
«Պլանշետներն ու նոթբուքերը միանում են մեկ լոկալ ցանցով. այն ինչ երևում է մեծ էկրանին, երևում է նաև պլանշեթների վրա և ամբողջ պրոցեսը ղեկավարվում է դասախոսի կողմից: Դասախոսը կարողանում է տեսնել յուրաքանչյուր ուսանողի կատարած աշխատանքը նրա պլանշետի էկրանին: Սա «Samsung»-ի և կրթական ոլորտում «խելացի կրթություն» կոչված կոնցեպտի ամենավերջին նվաճումն է աշխարհում, կոչվում է Samsung Smart School, որը գլոբալ տենդենցիա է և մենք հիմա զարգացնում ենք դա»,-ասաց նա:
Լսարանը նախատեսված է օգտագործել ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում իրականացվող մագիստրոսական ծրագրերի դասընթացների, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամանակ, ինչպես նաև ոչ մասնագիտական ֆակուլտետների համար համար նախատեսված «Համակարգչից օգտվելու հմտություններ» և «Android ծրագրավորման ներածություն» դասընթացների մշակելու և իրականացնելու համար:
Լսարանի բացման արարողությունից հետո ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում «Samsung Electronics Rus Company» ՍՊԸ-ի և Մայր բուհի միջև ստորագրվեց կրթական բնագավառում ծրագրավորման և ՏՏ հիմունքների ոլորտում լրացուցիչ կրթության զարգացման մասին համաձայնագիր:
«Samsung» ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգչուլ Լին ասաց, որ ԵՊՀ շրջանավարտները մեծ համարում ունեն ամբողջ աշխարհում և աշխատում են բոլոր բնագավառների աշխարհի առաջատար կազմակերպություններում: Տեղեկատվական տեխնոլոգիաները շատ կարևոր են ժամանակակցի հասարակության զարգացման համար: «Samsung» ընկերությունը ցանկանում է Հայաստանի ուսանողներին նվիրաբերել իր տեխնոլոգիաները և փորձը: Այսօրվա նշանակալիությունը չի ավարտվում միայն հուշագրի ստորագրմամբ: Սա առաջին քայլն է ԱՊՀ երկրներում նման նախագծի հաստատման:
ԿԳ նախարարն ասաց, որ սա համակարգային մոտեցում է, քանի որ IT ոլորտն այսօր տալիս է գրեթե անսպառ հնարավորություններ՝ ստեղծելու ժամանակակից կրթական միջավայր: IT-ն այսօր ոչ այնքան մասնագիտություն է, որքան հնարավորություն, գործիք՝ սովորելու այլ առարկաներ նույնպես: Մենք շատ ենք կարևորում միջազգային կառույցների հետ աշխատանքը: «Samsung»-ը մեր վերջին ձեռքբերումն է, որովհետև կարողացանք միասին լսարան բացել նախ՝ Գյումրիում, հիմա էլ Մայր բուհում: Ստորագրված պայմանագրով ստանում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստման հնարավորություն: Մենք ամբիցիան է «Samsung»-ի հետ համատեղ ստեղծել գիտական կենտրոն, որը կփորձենք քննարկել այսօր»,-ասաց նա: