Սոցիալական արտոնություններից զրկված 38-ամյա ամերիկացին հայտարարել է, որ ինքն է սպանել բեն Լադենին
Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Հատուկ օպերացիաների ուժերի զինծառայող Ռոբերտ Օ’Նիլը հայտարարել է, որ 2011 թվականին հենց ինքն է վերացրել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենին:
38-ամյա Օ’Նիլի մեծ հարցազրույցը նոյեմբերին հայտնվելու է Fox հեռուստաալիքի եթերում: Օ’Նիլը որոշել է իր ինքնությունը բացահայտել այն բանից հետո, ինչ իրեն զրկել են սոցիալական մի շարք արտոնություններից՝ կապված զինծառայությունը վաղաժամ լքելու հետ:
Հատուկջոկատայինը, զորքերում 20 տարի մնալու փոխարեն, մնացել է միայն 16 տարի: Նա 19 տարեկանում անհաջող ավարտված սիրավեպից հետո համալրել է բանակի շարքերը: Ընդհանուր առմամբ՝ Օ’Նիլը մասնակցել է 400 ռազմական գործողության, այդ թվում նաև Աֆղանստանում ու Իրաքում:
«Թիվ մեկ ահաբեկչին» սպանելու համար Օ’Նիլին արժանացրել են հատուկ պարգևի: Ուսամա բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսին, Պակիստանի Աբոտաբադ քաղաքում: Նրա դիակը նետել են ծովը: