Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է
Այս տարվա առաջին 9 ամիսների արդյունքներով, Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 15.2 միլիոն դոլարով կամ 6.5%-ով։ Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալը 235.1 միլիոն դոլար էր, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն նվազել է մինչև 219.8 միլիոն դոլար։
Ընդ որում, արտահանումը նվազել է հիմնականում սննդամթերքի ապրանքախմբի գծով, որը դեպի Ռուսաստան արտահանման գերակշիռ մասն է կազմում։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 182.1 միլիոն դոլարի սննդամթերք և խմիչք։ Իսկ այս տարի արտահանման ծավալը նվազել է 16.3 միլիոն դոլարով կամ 9%-ով։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի սկզբին, երբ Ռուսաստանը, որպես իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատասխան՝ փակեց գյուղմթերքների շուկան ԱՄՆ-ի, Եվրամիության, Կանադայի և Ավստրալիայի առջև, ՀՀ պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանը դրանից կարող է շահել։ Նրանք կարծում էին, որ տեղական սննդամթերք արտադրողները կարող են մեծացնել արտահանման ծավալները դեպի ՌԴ՝ լրացնելով ռուսաստանյան շուկայում ստեղծված դեֆիցիտը և ամրապնդվելով այնտեղ։
Հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի՝ հինգշաբթի օրվա համարում