
ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը պահանջել են վերանայել մինսկյան արձանագրությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկ ժողովրդական հանրապետությունների ղեկավարությունը պահանջել է վերանայել այս տարվա սեպտեմբերին ձեռք բերված մինսկյան համաձայնագրերը:
Այս մասին նշված է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի կառավարությունների մամլո ծառայությունների տարածած համատեղ հայտարարությունում: Նրանց կարծիքով՝ Կիևի կողմից Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի միակողմանի չեղյալ հայտարարումը վերափոխում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները.
«Ակնհայտ է, որ դրա (մինսկյան արձանագրության) խմբագրումը պետք է վերանայվի: ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը չեն կարող գործել այն փաստաթղթի հիման վրա, որից Պորոշենկոն հանել է սկզբունքորեն կարևոր կետերը: Մենք պատրաստ ենք աշխատել արձանագրության նոր խմբագրման վրա»: