Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նոր տնօրեն Արամ Գահնապետյանին:
Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Մհեր Վարդանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում:

Դիմելով «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին` Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նրանց աշխատանքը շատ կարևոր է նախաքննության մարմինների և դատարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

«Փորձագիտական կենտրոնի գործունեությունը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Մենք ցանկանում ենք ամրապնդել կառույցի կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները՝ փորձաքննությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով: Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ գործում է այլընտրանքային կառույց, որը պետության ինտենսիվ աջակցությամբ արդեն կայացել է: Այսինքն դաշտում առկա է մրցակցություն, և ձեր խնդիրն է ցույց տալ, որ կարող ուժ եք և ավելի որակյալ աշխատանք կատարելու հնարավորություն ունեք»,- ասել է նախարարը:

Ներկայացնելով կենտրոնի նորանշանակ ղեկավարին՝ Հովհաննես Մանուկյանը նշել է, որ Արամ Գահնապետյանը լավագույն մասնագետներից է ու շուրջ 25 տարվա փորձառնություն ունի այս ոլորտում: Նախարարը կարևորել է այն փաստը, որ, աշխատելով նույն համակարգում, Գահնապետյանը հստակ պատկերացնում է նպատակներին հասնելու ճանապարհին առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհները:

Կենտրոնի նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և նշել, որ բազմափորձ աշխատակազմի հետ հասնելու են բոլոր նպատակների իրականացմանը:

«Հիմնական խնդիրները տեսնում եմ երեք ուղղություններով՝ փորձագիտական աշխատանքի կանոնակարգում, նյութատեխնիկական բազայի ամրապնդում և զարգացում, ինչպես նաև կադրային հագեցվածություն ու վերապատրաստում: Կարծում եմ՝ խնդիրների լուծման ամենակարևոր ուղիներից մեկը կլինի նաև ընդհանուր մեթոդաբանության ներդրումը, համագործակցությունը փորձագիտական այլ կառույցների ու ԲՈՒՀ-երի հետ, ինչպես նաև՝ մեր աշխատանքում երիտասարդների ներգրավումը»,- ընդգծել է Արամ Գահնապետյանը:
Նախարարը բոլորին արդյունավետ աշխատանք է մաղթել և կրկին շեշտել նախարարության աջակցությունը ցանկացած խնդրի լուծման հարցում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս