Սպանված տղայի ընկերն առանց որևէ պատճառաբանության հարձակվել է շտապ բուժօգնության բուժքրոջ և վարորդի վրա, ծեծել նրանց և վնասել մեքենան. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Գյումրիում հերթական անգամ բռնություն է կիրառվել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։

Կանչը ստանալուն պես բուժաշխատողները հասել են նշված վայր, սակայն վիրավորված 25-ամյա երիտասարդն արդեն մահացած է եղել։ Սպանված տղայի ընկերն առանց որևէ պատճառաբանության հարձակվել է շտապ բուժօգնության բուժքրոջ և վարորդի վրա, ծեծել նրանց և վնասել մեքենան: Իսկ սպանվածի հայրը, հայհոյելով բուժաշխատողներին, պահանջել է փրկել որդուն:

Բուժաշխատողների հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Մասնագիտական պարտականությունները կատարող բժշկի, բուժքրոջ կամ այլ աշխատակցի նկատմամբ ձեռք բարձրացնելու փաստի որևէ արդարացում չի կարող լինել։

Շատ ավելի մեծ է նման արարքների մեր ողջ հասարակությանը պատճառած բարոյական վնասը։ Դրանք անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։ Հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։

Վստահ ենք, որ պատկան մարմիններն օրենքի ամբողջ խստությամբ կվերաբերվեն բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։

Առողջապահության նախարարությունը նաև ակնկալում է, որ հանրությունը, հասարակական կազմակերպությունները ևս խստագույնս պարսավանքի կենթարկեն ցանկացած նման դեպք։

Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։

ՀՀ Առողջապահության նախարարություն             

Տեսանյութեր

Լրահոս