
Մարալիկի սոցիալական թաղամասում խոցելի համարվող բոլոր խմբերից ներկայացուցիչներ կան

tsayg.am-ը գրում է. 2012 թվականին Շիրակի մարզում կառավարությունը նախադեպը չունեցող ծրագիր կյանքի կոչեց: Մարալիկում հիմնվեց առաջին սոցիալական թաղամասը: Շահագործման հանձնվեց երեք բազմաբնակարան շենք՝ 56 բնակարանով, որոնք հատկացվեցին հանրապետության տարբեր բնակավայրերի խոցելի խմբերի ներկայացուցիչներին: Թաղամասի բնակիչների ընտրությունը կայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատուկ հանձնաժողովը: Ներկա պահին թաղամասի գրեթե բոլոր բնակարանները զբաղված են: Պետությունը շահառուներին ապահովել է բնակարանով: Բնակիչները, սակայն, անլուծելի մեկ կարևոր խնդիր ունեն: Մարալիկում և հարակից համայնքներում չեն կարողանում աշխատանք գտնել: Իրենց բնակավայրերից կառավարության որոշմամբ Շիրակի մարզ տեղափոխված, սակայն ապրուստի և գոյատևման միջոցներ չունեցողները կանգնած են փաստի առաջ: