«Ազգային ժողովն իր սահմանադրական առաքելությունը, որպես օրենսդիր մարմին, չի իրականացնում». Գագիկ Ջհանգիրյան
Այսօր տեղի ունեցավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավար հանրապետությունների և մարդու իրավունքների գրասենյակ) գնահատման զեկույցը, որն առաջարկում է ներառել ավելի մեծ ճկունություն և թափանցիկություն Հայաստանի օրենսդրական գործընթացներում: Գնահատման զեկույցն առաջարկում է, որպեսզի քաղաքականության վերաբերյալ իրականացվեն ավելի ինտենսիվ քննարկումներ, շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվություններ, և օրենսդրության ազդեցության գնահատումներ թե՛ նախնական փուլերում և թե՛ ողջ օրենսդրական գործընթացի ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ լրագրողների հետ զրույցում խոսելով նախագծի մասին, ասաց, որ բոլոր օղակներում մենք ունենք խնդիրներ.
«Մասնավորապես շատ եմ կարևորում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը: Կան գերատեսչություններ, որոնց կից կան հանրային խորհուրդներ, ԱՆ-ում ևս կա նման խորհուրդ, սա ֆորկատներից մեկն է, որով պետական մարմինները քաղաքականություն մշակելիս և համապատասխան որոշումներ կայացնելիս ներգրավում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Բայց սա պետք է դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա, այսինքն՝ չլինի այնպես, որ մի նախարարությունում գործի նման խորհուրդ, մյուսում՝ ոչ»:
Հարցին, թե ԱԺ-ում ընդունված օրենքները որքանո՞վ են արդար՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են այնտեղ ընդունվում դրանք և ընդդիմության կարծիքը համարյա հաշվի չի առնվում, նա պատասխանեց.
«Բոլոր պառլամենտներում էլ մեծամասնությունն է որոշումներ կայացնողը, դեռևս նոր բան մարդկությունը չի հորինել: Բայց համաձայն չեմ նրա հետ, որ ընդդիմության բարձրացրած որևէ մտահոգություն չի բավարարվում, որովհետև բազմաթիվ դեպքեր կան, որոնք աշխատանքային քննարկումների արդյունքում՝ դեռև մինչև պառլամենտում հայտնվելը, այդ թվում՝ ԱԺ-ի մեր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների առաջարկներով, մենք փոփոխում ու վերամշակում ենք առանձին նախագծեր: Իսկ սկզբունքային հարցերում, եթե համաձայնություն չկա, բնականաբար մեծամասնության որոշումը, մեծամասնության կարծիքը պիտի ընդունվի»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, պետական հաստատություններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից:
«Որպեսզի օրենքները լինեն արդյունավետ և իրագործելի, անհրաժեշտ է, որ գործընթացը, որով նրանք ստեղծվում են, լինի թափանցիկ և ներառական, և նոխորդվի խորը քաղաքական քննարկումներով»,- ասաց ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարիտեղական Նատալի Թեգվեգերը.
«ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ բարեփոխելու օրենսդրական գործընթացը»:
Զեկուցման ժամանակ առանձնացավ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ դատաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի ելույթը, որն ասաց՝ միտումնավոր, թե թյուրիմացաբար ոչ ինքը, ոչ էլ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է մասնակցություն չեն ունեցել այս փաստաթուղթը կազմելու աշխատանքներին, բայց այն պատրաստված է բավական բարձր մակարդակով.
«Վեր են հանված այն բոլոր խնդիրները, որոնց հետ այսօր մենք առնչվում ենք: Ամենամեծ խնդիրը, որն ինձ մտահոգում է այն է, որ մեր օրենսդիր մարմինն ըստ էության մեկուսացած է օրենսդիր աշխատանքից: Ազգային ժողովն իր օրենսդիր առաքելությունը կամավոր զիջել է գործադիր իշխանությանը, իսկ ատգամավորների ներկայացրած նախագծերը դեկորատիվ բնույթ ունեն:
Ազգային ժողովն իր սահմանադրական առաքելությունը, որպես օրենսդիր մարմին, չի իրականացնում: Այսինքն՝ ԱԺ-ը որևէ օրենսգրքի կամ հայեցակարգի քննարկում կամ մշակման կազմակերպում, ստիպված այդ հայեցակարգը քննարկում, նախագծերը մշակում է գործադիր իշխանությունը: ԱԺ-ն իր պատգամավորների գերակշիռ մեծամասնությամբ անընդունակ է՝ օրենսդիր աշխատանք իրականացնելու:
Օրենքների մակարդակը կամ դրանց արդյունավետությունը շատ ցածր է: Խնդիրը վատ օրենսդրությունը չէ, այլ օրենքի անտեսումը: ԱԺ-ը չի վերահսկում գործադիր իշխանությանը. կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, բայց որ չասեք՝ խնդիրը քաղաքականացնում է, չեմ բերում: ԱԺ-ը որևէ լուրջ լիազորություն չունի, այն հիմա կառավարության իրավաբանն է: Չունենք նաև Սահմանադրության մեջ որևէ մի հոդված, որը չի խախտվում»,- մասնավորապես ասաց նա: