
«Վարորդ-Ճանապարհային ոստիկանություն հարաբերությունները դարձել են քաղաքական». Էդուարդ Հովհաննիսյան

«Տվյալ պահին Ճանապարհային ոստիկանութուն-վարորդ հարաբերություններում մի շարք արդիական հարցեր կան, որոնց ոչ ոք կարևորություն չի տալիս: Վարորդ-Ճանապարհային ոստիկանություն հարաբերությունները դարձել են քաղաքական, քանի որ դուրս են եկել իրավական դաշտից: Այդ հարաբերություններում ներգրավված են ոչ միայն վարորդները, այլև քաղաքացիները»,- այս տեսակետը հայտնեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հ/կ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` վերջին շրջանում այս ոլորտի հետ կապված օրենքները, որ ընդունվում են, մեծ մասամբ հակասահմանադրական են. «Վարորդը, որն իրազեկված չէ, համարվում է իրազեկված իր խախտման վերաբերյալ, կոպիտ ասած` օրենքում գրված է, որ եթե փոստատարը եկավ, ձեր դուռը թակեց, դուռը բացող չեղավ, ուրեմն համարվում է ծանուցված և անգամ հանձնված, այնինչ պետք է հակառակը համարվեր»:
Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ի ուրախություն վարորդների` այս օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծ է այժմ մշակվում և հավանաբար մեկ տարի հետո իրավիճակը բավականին կբարելավվի. «Երևի վերջում միայն ներողություն կխնդրեն և վերջ»,- եզրափակեց իր խոսքը: