Խնջույքը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ սպանվել է 26-ամյա երիտասարդը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ։
2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ավետիքի Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ադանալյանի բնակության վայր հանդիսացող տնակում 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կազմակերպվել է խնջույք, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է Արտյոմ Ադանալյանի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կրծքավանդակի խոռոչ թափանցող կտրած-ծակած վնասվածք, որի հետևանքով Արտյոմ Ադանալյանը մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են մի շարք նմուշներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին