
Յացենյուկը մերժել է Պորոշենկոյի կոալիցիոն համաձայնագիրն ու ներկայացրել է իր տարբերակը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը՝ որպես հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցություն, պատրաստել է կոալիցիոն համաձայնագրի սեփական տեքստը.
«Մենք կոալիցիոն համաձայնագիր ենք պատրաստել: Դրանում առկա է 36 օրինագիծ, որոնք պետք է ընդունել մինչև տարեվերջ, ինչպես նաև առկա է Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի գործարկման ուղղությամբ ներկայիս կառավարության գործողությունների պլանը:
Մենք ավարտել ենք քվեների զուգահեռ հաշվարկը, և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը պետք է սկսի կոալիցիա ու նոր կառավարություն ձևավորելու գործընթացը: Շատ աշխատանք կա, խորհրդարանը լավագույն դեպքում կսկսի գործել 2-3 շաբաթ հետո:
Բոլոր օրենքները պատրաստված են, հրապարակված են, և մենք քաղաքական ուժերին խնդրում ենք կատարել իրենց ուղղումներն այդ օրինագծերում, որպեսզի հնարավոր լինի դրանք հնարավորինս արագ ընդունելը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ «Պյոտր Պորոշենկոյի բլոկը» հրապարակել էր կոալիցիոն համաձայնագրի նախագիծը: