
Պորոշենկոյի բլոկը հրապարակել է կոալիցիոն համաձայնագրի նախագիծը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է կոալիցիոն համաձայնագրի առաջին տեքստը: Իր տարբերակը ներկայացրել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկը»: Նախագահական կուսակցությունն առաջարկում է այդ նախագիծը ստորագրել «Ժողովրդական ճակատ» ու «Սամոպոմիչ» կուսակցություններին:
Կոալիցիոն համաձայնագրի տեքստը բաղկացած է 48 էջից: Պորոշենկոյի բլոկը հայտարարել է, որ այն հրապարակվում է համընդհանուր քննարկման համար: Համաձայնագիրը մասնավորապես նախատեսում է կառավարության ձևավորման ժամանակ հրաժարվել քվոտային սկզբունքից, ինչպես նաև հաստատել կառավարության բարեփոխումները:
Բացի այդ, նախագիծը նախատեսում է, որ նոր կառավարությունը մինչև դեկտեմբերի 15-ը պետք է հաստատի 2015-2017 թվականներին Ուկրաինայի վերականգնման պլանը: Փաստաթուղթը փաստացիորեն արդեն իսկ մշակված է, կառավարությունը մտադիր է այն ներկայացնել նոյեմբերին: